Ռոսավիացիան հայտարարել է Տվերի մարզում ինքնաթիռի կործանման մասին. ուղևորների ցուցակում է նշված Եվգենի Պրիգոժինը

«Wagner» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը՝ անհայտ վայրում տեսախցիկի առաջ: Նկարը վերցված է տեսանյութից, որը հրապարակվել է Razgruzka_Vagnera Telegram ալիքի կողմից 2023 թվականի օգոստոսի 21-ին։

Ինչպես հայտնում է ԲիԲիՍին, Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով տասը մարդ է զոհվել: Դրա մասին տեղեկացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ուղևորների թվում է Եվգենի Պրիգոժին անունն ու ազգանունը կրող անձնավորությունը։

Ինչպես նշել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում, վթարի ենթարկված բիզնես-ջեթը Մոսկվայից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները։

Sky News-ի հաղորդմամբ՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Embraer ինքնաթիռում են եղել յոթ ուղևորներ և անձնակազմի երեք անդամներ: Դրա մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաստատել է, որ կործանված ինքնաթիռը Embraer բիզնես-ջեթ է։ Գործակալության տվյալներով՝ ուղեւորների թվում է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը։

Նախ տելեգրամյան ալիքները հայտնել են Տվերի մարզում ավիավթարի մասին։ Baza-ն ու Mash-ը, մասնավորապես, գրել են, որ սա Embryer բիզնես-ջեթ է։

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում գրել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը, իբր, պատկանել է Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։

Ինչպես նշում է ԲիԲիՍին, Եվգենի Պրիգոժինին պատկանում է Embraer Legacy 600 ինքնաթիռը, որի համարն է RA-02795 է։