Երկուշաբթի Դանիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բարձրացել է «F-16»-ի օդաչուական խցիկ: Ամիսներ տևած ջանքերն արդյունք տվեցին․ Կիևը կստանա ամերիկյան կործանիչները:
Դանիայի խորհրդարանում ելույթ ունենալուց հետո, Զելենսկին դիմել է շենքի առջև ժողովված հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինային։
«Շնորհակալ եմ ձեզ և ողջ Դանիային՝ այն սպառազինության համար, որ դուք ուղղում եք հանուն ազատության պաշտպանության, և «F-16»-ների համար, որոնց [մատակարարման] շուրջ հասել ենք համաձայնության։ Շատ շնորհակալություն»,- հայտարարել է Զելենսկին:
Դանիան նախատեսում է տրամադրել 19 հատ «F-16» կործանիչներ, և ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն ընթացքի մեջ է։ Հույս կա, որ առաջին ինքնաթիռները կժամանեն մինչև տարեվերջ: Նիդերլանդները, ուր Զելենսկին այցելել էր կիրակի, հայտարարել է, որ կտրամադրի 42 հատ «F-16»: ՆԱՏՕ-ի երկու անդամ-երկրներն էլ արդիականացնում են իրենց ռազմաօդային ուժերը՝ հինգերորդ սերնդի ավելի ժամանակակից կործանիչներով:
Your browser doesn’t support HTML5
Այսօր ռազմաճակատում օդային գերազանցությունը ռուսական ուժերի կողմն է, թեև ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, որն ուժեղացված է ժամանակակից արևմտյան համալիրներով, արդյունավետ է գործում: Ուկրաինայի գործող օդուժը բաղկացած է խորհրդային ժամանակաշրջանի հնացած ինքնաթիռներից։
Ամերիկյան «F-16»-ները ի զորու են ապահովել ավելի մեծ կրակային հզորություն՝ օգնելով պաշտպանվել ռուսական ռազմական ինքնաթիռներից, հրթիռներից և անօդաչուներից, միաժամանակ՝ Կիևին հնարավորություն տալով հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին:
«Ռազմաճակաում հաջողության համար անհրաժեշտ է ունենալ ցամաքային հարձակմանը աջակցող օդուժ: «F-16»-ները նույնպես կարող են այդ անել: Կարևոր է նաև այն, որ «F-16»-ները կարող են բավականին արդյունավետ լինել թշնամու հակաօդային պաշտպանությունը ճնշելու կամ ոչնչացնելու գործում»,- ասում է ռազմական վերլուծաբան Պատրիկ Բուրին:
«F-16» կործանիչներ ստանալու հարցը Ուկրաինան բարձրացնում էր 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր, սակայն արևմտյան երկրները զգուշավոր էին այս հարցում՝ ձգտելով խուսափել պատերազմի թեժացումից: Մյուս կողմից, կար ուկրաինացի օդաչուների պատրաստումը ամիսների հարց էր:
Բուրիի խոսքով, հետաձգումը կարող էր թանկ արժենալ․ «Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ «F-16»-ների տրամադրումն ուշացած է: Կտեսնենք, թե ինչ կլինի»:
Այս ամենի ֆոնին՝ ուկրաինական զինուժի՝ ամառը ձեռնարկած հակահարձակումը դանդաղ է ընթանում՝ նվազագույն օդային աջակցությամբ:
Ըստ վերլուծաբանների, «F-16» կործանիչներ մատակարարելու Արևմուտքի որոշումը նպատակ ունի հեռանկարում ամրապնդել Ուկրաինայի կարողությունները՝ հետ մղելու ռուսական ագրեսիան: