Հայաստանյան արտահանողները մտահոգված են` վերամշակող արդյունաբերության համար հիմնական շուկա հանդիսացող ռուսաստանյանը դարձյալ դառնում է սակավ, կամ ոչ շահութաբեր` ռուբլու արժեզրկման պատճառով։
Հունվարից մեկնարկած ռուսաստանյան արժույթի աստիճանական արժեզրկումը արագացավ օգոստոսից, ինչի հետևանքով այս ամսվա կեսերից ամերիկյան մեկ դոլարի դիմաց այլևս տալիս են մոտ 100 ռուբլի, երբ տարվա սկզբին մեկ դոլարի գինը շուրջ 70 ռուբլի էր։
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի խոսքով, նախորդ ամիսներին ռուբլու նկատելի արժեզրկումը հայաստանյան մշակող արդյունաբերության արտահանումը դարձրել է ոչ շահութաբեր, քանի որ արտադրանքը Ռուսաստանում, բնականաբար, վաճառվում է ռուբլով, իսկ երբ արժեզրկված ռուբլին փոխարկում են դրամի կամ դոլարի, «տակը բան չի մնում»։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․ այդ անկայուն վիճակը, վատ վիճակը արդեն տրադիցիոն է դարձել, և, բնականաբար, պետք է որ արդեն ձեռներեցները ներառեին այդ ռիսկերը գնի մեջ։ Ուրիշ հարց է, որ ներառելով ռիսկերը գնի մեջ՝ էլ ավելի ոչ մրցակցային գին ենք ստանում»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Էմիլ Ստեփանյանը։
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերներից է, բայց ռուսական շուկան էլ ավելի կարևոր է հայաստանյան արտահանողների, հատկապես՝ վերամշակող արդյունաբերության համար։ Օրինակ, Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին երկրից արտահանվել է 3 միլիարդ 266 միլիոն դոլարի ապրանք ու ծառայություն, որի ավելի քան 51%-ը գնացել է ռուսական շուկա։
Your browser doesn’t support HTML5
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի ներկայացմամբ, եթե նման՝ արժեզրկված վիճակում ռուբլին պահպանվի առաջիկա ամիսներին, հայաստանյան արտահանողներից զատ, բացասական ազդեցությունը կսկսեն զգալ նաև արտագնա աշխատանքի մեկնածները, որոնց վաստակած ռուբլիները չեն կարող նույն արժեքի դրամ կամ դոլար դառնալ աշնանը, երբ այդ մարդիկ կսկսեն վերադառնալ Հայաստան։
«Երբ ռուսաստանցիները Հայաստան են տեղափոխում իրենց խնայողությունները, եթե, օրինակ, նախկինում տասը հազար ռուբլով կարող էին վաթսուն հազար դրամի ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել Հայաստանում, հիմա, օրինակ, կարող են ընդամենը քառասուն հազար դրամի ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել։ Այսինքն, մենք պետք է փաստենք, որ ռուբլու արժեզրկումը նաև վնասելու է մեր ծառայության ոլորոտին և մանրածախ առևտրի ոլորտին։ Եվ նաև այն ընտանիքները որոնք կախված են տրանսֆերտներից, արտագնա մեկնողների եկամուտներից, նրանք ունենալու են նաև իրենց փաստացի եկամուտների կտրուկ նվազում»,- մանրամասնում է Պարսյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հավաստիացրեց, թե հայաստանյան արտահանողների համար նոր շուկաներ գտնելը և հայաստանյան արտահանման դիվեսիֆիկացիան շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթությունը, ինչը պետք է նվազեցնի կախվածությունը մեկ շուկայից։
«Այո, ընդհանուր առմամբ, արտահանողների համար բավական խնդրահարույց է ռուսական ռուբլու այս արժեզրկումը՝ փաստացի, քանի որ Ռուսաստանը դեռևս համարվում է մեր համար արտահանման համար մեկ շուկան։ Սակայն սրա հետ միաժամանակ պետք է նշել, որ աշխատանքներ են տարվում՝ բավականին ինտենսիվ կերպով, արտաքին շուկաների դիվերսիֆիկացիայի հետ կապված, և, կարծում եմ, իհարկե, ոչ առաջիկա մեկ-երկու տարում, սակայն որոշակի ժամանակ անց պատկերը, կարծում եմ, էապես կարող է փոխվել»,- փոխանցեց պաշտոնյան։
Դիմենք թվերին․ Վիճակագրական կոմիտեի համաձայն, թավշյա հեղափոխության՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանյան ուղղությամբ գնացել էր Հայաստանի ողջ արտահանման 24.1%-ը։ Իսկ 2021 թվականին՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից առաջ, դարձյալ՝ առաջին կիսամյակում ռուսաստանյան շուկային բաժին էր հասել հայաստանյան ողջ արտահանման 26.4%-ը։