Ռուսաստանի ներխուժումը Վրաստան. 15 տարի անց

Բողոքի ցույց Թբիլիսիում

Փորձագետները քննարկում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման հետ կապված խնդիրները։

Վրաստան Ռուսաստանի ներխուժումից և Թբիլիսիին պատկանող Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնազավթումից 15 տարի անց վրաց վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո, Կրեմլի անպատիժ մնալը` Ռուսաստանի համար հիմք էր 2014 թվականին գրավելու Ուկրաինային պատկանող Ղրիմը, ևս ութ տարի անց` լայնածավալ պատերազմ սկսելու Կիևի դեմ:

Քաղաքագետ Նիկո Թոիձեն հիշեցնում է, որ չնայած արևմտյան երկրների հրապարակային աջակցությանը, ինչպես նաև այն փաստին, որ 2008 թվականին ռազմական գործողությունները տեղի են ունեցել բացառապես Վրաստանի տարածքում, Թբիլիսին ստիպված է եղել տարբեր հարթակներում ապացուցել, որ պատերազմը Ռուսաստանի նախաձեռնությունն էր

Փորձագետը շարունակում է` թեման տակավին քննարկվում է արևմտյան ազատական շրջանակներում: Քննարկվում է նաև տեղի ունեցածի համար Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանատվության հարցը, ով այն ժամանակ Վրաստանի նախագահն էր։

Your browser doesn’t support HTML5

Վրաստան ներխուժումից հետո Մոսկվայի անպատիժ մնալը հիմք հանդիսացավ Ուկրաինայի դեմ ագրեսիայի. փորձագետների տեսակետ

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Եվրամիության հատուկ հանձնաժողովի հետաքննությունը, որը գլխավորում էր շվեյցարացի դիվանագետ Հայդի Տալիավինին, նույնպես հստակ պատասխան չտվեց` ի վերջո ո՞վ է սկսել պատերազմը։

Թոիձեն հիշեցնում է` թեև վրացական զորքերը չեն հատել ռուսական սահմանը, սակայն զեկույցում անդրադարձ կա երկու կողմերի «սադրանքներին», որոնք իբր նախորդել են պատերազմին։

«Միայն Ուկրաինա` Ռուսաստանի ներխուժումից հետո բոլոր հարցերը, թե ով է նախաձեռնել ռուս-վրացական պատերազմը, հօդս ցնդեցին: Բայց նույնիսկ այն պետությունները, որոնք արդեն այն ժամանակ վստահ էին, որ Ռուսաստանն է սկսել պատերազմը, որևէ բան չձեռնարկեցին։ Արդյունքում, ամենաթողությունն արձակեց Պուտինի ձեռքերը Ուկրաինայի հարցում»,- ընդգծում է փորձագետը։

Եվրոպայի համալսարանից Գիորգի Մչեդլիշվիլին նշում է` պուտինյան ռեժիմի էության մասին աշխարհը տեղեկացավ 2008-2022 թվականներին, թեև 2008 թվականին, չնայած Պուտինի մյունխենյան ելույթից անցել էր մեկ տարի, Ռուսաստանը դեռ ընկալվում էր որպես եվրոպական պետություն, որն օգնության կարիք ունի ժողովրդավարացման հարցում։

«Արևմուտքն աստիճանաբար սկսեց հասկանալ, որ ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունը, ո՛չ հասարակությունը չեն պատրաստվում դառնալ արևմտյան աշխարհի մաս։ Ընդհակառակը, Պուտինի ռեժիմն իր վարկանիշի պահպանման համար ընտրեց հակաարևմտյան հռետորաբանությունը: Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարի 24-ին սանձազերծած ագրեսիան՝ դաժան պատերազմը, ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը և մարդկային զոհերը, վերջնականապես ցրեցին բոլոր կասկածները։ Սակայն Ուկրաինան չափազանց մոտ է ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան անդամներին, ուստի` արևմտյան երկրները պետք է «տեղից շարժվեին», ինչն էլ արեցին»,- ընդգծում է Մչեդլիշվիլին։

Փորձագետները հիշատակում են Վրաստանում Ռուսաստանի գործողությունների իրավական գնահատականները, որոնք ի հայտ եկան պատերազմի ավարտից տարիներ անց։ Մասնավորապես, Ստրասբուրգում գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2021 թվականի հունվարի 21-ի որոշման մեջ ասված է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Վրաստանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի շրջանների բռնազավթումը և արդյունավետ վերահսկողություն իրականացնող պետություն, պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների և հոդվածների խախտման համար` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի և Վրաստանի տարածքների հետագա բռնազավթման ժամանակ:

Ռուս-վրացական 2008 թվականի պատերազմին վերաբերող Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման մեջ նշված է ռուսական օկուպացիայի մասին։ 2022 թվականին ՄՔԴ-ն ձերբակալության հրահանգ է իջեցրել Ցխինվալիում գործող երեք անջատողականների վերաբերյալ, ովքեր մեղադրվում են ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Չորրորդ մեղադրյալը Ռուսաստանի օդադեսանտային ուժերի գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովն է, ով «ենթադրվում է, որ միտումնավոր նպաստել է այդ հանցագործություններից կատարմանը»: Բորիսովին կալանավորելու կարգադրություն չի իջեցվել` նրա մահվան պատճառով։

Թբիլիսիի տվյալներով, 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմի պատճառով վացական կողմի տվել է 412 զոհ, որից 169-ը՝ զինվորական: Տուժել է 1 747 մարդ, 130 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ռուսական ագրեսիայի հետևանքով ավերվել է 35 հազար տուն, 53 գյուղ։ Ռուսաստանը գրավել է վրացական 125 գյուղ։

Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կախա Գոգոլաշվիլին կարծում է, որ, չնայած Ռուսաստանն այլևս ճանաչվել է որպես ագրեսոր երկիր, նախորդ տասնհինգ տարիներին Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում «ոչ մի առաջընթաց չի եղել»։

Քաղաքագետի կարծիքով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ներկայիս «Վրացական երազանք» կուսակցության միջև տարբերությունն այն է, որ Սահակաշվիլիի օրոք, թույլ տրված բազմաթիվ սխալներին զուգահեռ, երկրի ղեկավարությունը «ուղիներ էր փնտրում լուծելու օկուպացիայի հարցը»։ Իսկ Վրաստանի ներկայիս իշխանությունը հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ և այն մատնել է անուշադրության։ Ավելին, ըստ փորձագետի, Ռուսաստանի հասցեին քննադատությունը «ամբողջովին անհետացել է» իշխանությունների հռետորաբանությունից։ Փոխարենը, հաճախակի են դարձել հարձակումները Վրաստանի արևմտյան գործընկերների ուղղությամբ։

«Թբիլիսիի, Մոսկվայի, Սուխումիի, Ցխինվալիի և միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ Ժնևի բանակցություններն արդյունք չեն տալիս։ Միակ բանը, որ դեռ գործում է, Վրաստանի օկուպացված շրջանների չճանաչման քաղաքականությունն է, որն արդյունավետ է շնորհիվ ԱՄՆ-ի և Եվրամիության: Վրաստանի իշխանությունները դրա հետ կապ չունեն»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Գոգոլաշվիլին։

Փորձագետի կարծիքով, իշխող «Վրացական երազանքի» անտարբերությունը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում, հարկ է բացատրել կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գործոնով, որը ոչ պաշտոնապես կառավարում է երկիրը, թեև երկու տարի առաջ հրաժեշտ տվեց քաղաքականությանը։

«Ցավոք, Իվանիշվիլին տարբերություն չի դնում արևմտյան արժեքների և ռուսական մոտեցման միջև։ Նա հետխորհրդային գործարար է, և նրա համար տնտեսական շահն ավելի կարևոր է, քան երկրի տարածքային ամբողջականությունը։ Նա պատրաստ է զոհաբերել դա, ինչպես նաև վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումները, եթե նման պահանջ ներլայացնի բիզնես-գործընկերը, այսինքն՝ Ռուսաստանը։ Համենայնդեպս,
«Վրացական երազանքի» բոլոր գործողությունները հօգուտ այս փաստարկի են։ Վրաստանը դանդաղեցնում է բարեփոխումների տեմպերը, հեռանում ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից, պաշտոնական Թբիլիսիի քննադատությունը ռազմավարական` [արևմտյան] գործընկերների հասցեին գնալով ավելի սուր է դառնում, չնայած այն հանգամանքին, որ օկուպանտ երկիրը` Ռուսաստանը դուրս է իշխանությունների քննադատությունից։ Հետաքրքիր է, որ նման հավատարմության դիմաց «Վրացական երազանքը» բացի տնտեսական շահից ոչինչ չի ստանում։ Իրոք, երկրի ՀՆԱ-ն տարեկան աճում է տասը տոկոսով։ Սակայն Ցխինվալիում և Աբխազիայում էթնիկ վրացիները զրկված են գրեթե բոլոր իրավունքներից, նրանց չեն տրամադրում փաստաթղթեր, արգելում են կրթություն ստանալ մայրենի լեզվով, գրավում են Թբիլիսիի կողմից վերահսկվող նոր տարածքները` անօրինական սահմանագծման միջոցով և այլն։ Այսինքն, խնդիրն այն է, որ այսօր Վրաստանում որոշումներն ընդունվում են ոչ թե պետության, այլ մեկ անձի շահերից ելնելով»,- նշում է Կախա Գոգոլաշվիլին։

Փորձագետի խոսքով, «Վրացական երազանքի» կողմից Ռուսաստանին զիջումների գնալու քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հնարավորության վրա, եթե նմանը ստեղծվի, օրինակ, Ուկրաինայում Ռուսաստանի պարտության արդյունքում։

«Ուկրաինայի հետ համերաշխության բացակայությունը, ռուսական ագրեսիայի նկատմամբ անորոշ դիրքորոշումը... ։ Այս ամենը գործընկերներին աստիճանաբար ազատում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար ջանք գործադրելու, բանակցությունների ուղղությամբ ռեսուրսներ ծախսելու իրենց պարտավորություններից։ Եթե այդ հարցը առաջնային չէ Վրաստանի համար, ապա ոչ ոք քայլ չի կատարի Վրաստանն օկուպացիայից ազատելու համար»,- համոզված է Գոգոլաշվիլին։

Հիշեցնենք, ռուս-վրացական պատերազմի հետևանքով` 2008 թվականին Ռուսաստանը ճանաչեց վրացական երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, լրացուցիչ զորք տեղակայեց այդ տարածքներում։ Աշխարհի բոլոր պետությունները՝ բացառությամբ Վենեսուելայի, Նիկարագուայի, Նաուրուի և Սիրիայի, այս շրջանները համարում են Վրաստանի անքակտելի մասը, որը, սակայն, գտնվում է Ռուսաստանի բռնազավթման ներքո։