Ներկայացուցիչների տան հանրապետական անդամները հետաքննություն են նախաձեռնել՝ Արդարադատության նախարարության հետ Հանթեր Բայդենի համաձայնության վերաբերյալ։ Մեղադրող կողմի հետ Բայդեն-կրտսերի գործարքը, սակայն, անցած շաբաթ դատարանը հրաժարվեց հաստատել: Ըստ չկայացած համաձայնության, նախագահի որդին իրեն մեղավոր էր ճանաչելու հարկերից խուսափելու գործում: Փոխարենը, դատախազները պարտավորվում էին չեղարկել ապօրինի զենք ունենալու մեղադրանքը՝ միաժամանակ Հանթեր Բայդենը չպետք է հակաօրինական որևէ քայլ կատարեր հարկային մեղադրանքին վերաբերող երկամյա փորձաշրջանի ընթացքում։
«Պետք է պարզենք՝ արդյո՞ք արդարադատության համակարգը արդար է բոլոր ամերիկացիների նկատմամբ։ Ոչ թե ունենանք մեկ համակարգ Բայդենի ընտանիքի և մեկ այլ համակարգ՝ մնացած ողջ Ամերիկայի համար»,- ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին:
Ակնհայտորեն, ՄըքՔարթին ձգտում է հավասարության նշան դնել Բայդեն-կրտսերի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առջև կանգնած իրավական խնդիրների միջև։ Սպիտակ տան նախկին ղեկավարը, գիտենք, դատարանում է հայտնվել 2020 թվականի ընտրություններում իր մրցակցի հաղթանակը ապօրինաբար չեղարկելու փորձի ու ենթադրաբար դավադրություն կազմակերպելու համար:
Ըստ Քևին ՄըքՔարթիի, Թրամփին ներկայացված մեղադրանքը նպատակ ունի շեղել ուշադրությունը Հանթեր Բայդենի գործից և հարվածել 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուին:
Your browser doesn’t support HTML5
«Հանթեր Բայդենին ուղղված մեղադրանքները համեմատելի չեն Միացյալ Նահանգներում ընտրությունների արդյունքներն [ապօրինաբար] չեղարկելու փորձին առնչվող մեղադրանքների հետ: Կրկին՝ եթե դրան նայում եք քաղաքական տեսանկյունից, ապա բոլորովին այլ իմաստ ունի, քան իրավական տեսանկյունից»,- ասել է Ջեսիկա Թիլիպմանը՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոցից:
Հանրապետական օրենսդիրները սպառնացել են պաշտոնազրկության՝ իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահ Ջո Բյադենի նկատմամբ, թե իբր նա ներգրավված է եղել իր որդու արտերկրյա բիզնես-գործարքներում:
Նախագահ Բայդենը վերջերս, երբ խոսում էր գնաճի նվազման մասին, հումորով արձագանքեց հանրապետականների այդ սպառնալիքին․ «Միգուցե, նրանք որոշեն իմպիչմենթի ենթարկել ինձ, քանի որ գներն իջնում են»:
Բայդեն-կրտսերի նախկին բիզնես-գործընկերն այս շաբաթվա սկզբին Կոնգրեսին հայտնել է, որ Հանթերը երկար տարիներ փորձում էր տպավորություն ստեղծել, թե իր հայրը կարող է խոսել օտարերկրյա բիզնես-գործընկերների հետ, սակայն Ջո Բայդենը երբեք չի մասնակցել իր որդու բիզնես-գործունեությանը: