2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հիմնական թեկնածուներից` նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ելույթ ունենալով շաբաթ օրը Փենսիլվանիայում հրավիրված նախընտրական հանրահավաքին` վերստին հերքեց իր առնչությունն իր դեմ առաջ քաշված մեղադրանքներին` հայտարարելով. «Դրանք ծիծաղելի են։ Ցանկանում են վնասել առաջատար թեկնածուին»:
Նախորդ հինգշաբթի դաշնային դատախազները երեք նոր քրեական մեղադրանք առաջ քաշեցին, որոնք վերաբերում են Դոնալդ Թրամփի կողմից պետական գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ սխալ օգտագործման հետ կապված հետաքննությանը խոչընդոտելուն:
Նյու Ջերսիի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Քրիս Քրիստին «CNN»-ի եթերում անդրադարձել է ի հայտ եկած նոր հանգամանքներին, ըստ որոնց Թրամփն, ենթադրաբար, իր աշխատակիցներից ոմանց հրահանգել է վերացնել իր մեղքը ապացուցող տեսանյութերը. «Սա` կառավարությունից գաղտնի տեղեկատվության թաքցնելու փորձ էր: Այն բանից հետո, երբ 18 ամիս Դոնալդ Թրամփին խնդրում էին կամավոր վերադարձնել դրանք` [փաստաթղթերը], նա ոչ միայն չվերադարձրեց, այլև ստեց դրանց կապակցությամբ»:
Your browser doesn’t support HTML5
Այնինչ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին ընթացող դատական գործընթացն անվանել է «քաղաքական հետապնդում» և ընդգծել` եթե հաղթի 2024 թվականի նախագահական պայքարում, ապա Թրամփին ներում կշնորհի. «Կարծում եմ, հանուն պետության պետք է մի կողմ դնել անցյալի բոլոր դժգոհությունները»:
Մամուլն ակտիվորեն անդրադառնում է նաև մեկ այլ իրավական գործի` Հանթեր Բայդենին վերաբերող։
Անցած հինգշաբթի նախագահ Ջո Բայդենի որդին պետք է իրեն մեղավոր ճանաչեր հարկերը չվճարելու համար՝ համաձայն դատախազության հետ պայմանավորվածության, սակայն գործարքը չկայացավ: Գործը քննող դատավորի պահանջով դատախազության հետ գործարքը վերաձևակերպվում է:
ԱՄՆ նախկին դատախազ Չակ Ռոզենբերգը անդրադարձել է հարցին «NBC»-ի հետ զրույցում. «Համեմատաբար հեշտ է գալ համաձայնության, եթե պարոն Բայդենը դեռ ցանկանում է իրեն մեղավոր ճանաչել: Եվ, ի դեպ, [հաղորդավար] Չակ [Թոդ], կարծում եմ, որ դա իրեն ձեռնտու է»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Քևին ՄըքՔարթին վերջերս հանդես եկավ նախագահ Բայդենին պաշտոնազրկելու` իմփիչմենթի ենթարկելու առաջարկով՝ ենթադրյալ ֆինանսական ապօրինությունների պատճառով:
Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն, որը նույնպես հանրապետական է, «ABC»-ին փոխանցել է. «Ամերիկան լուրջ խնդիրներ ունի` կապվապ մարդկանց հոգեկան առողջության, թմրանյութերի ճգնաժամի, սահմանի ապահովության հետ: Գերադասում եմ կենտրոնանալ այս հարցերի ուղղությամբ»:
Մեն նահանգում խոսելիս տնտեսական ձեռքբերումների մասին` նախագահ Բայդենը ուրբաթ հումորով է արձագանքել իմփիչմենթի գաղափարին: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հերքել է, թե իր որդու հետ քննարկել է նրա արտասահմանյան գործարքները։