Freedom House-ը հորդորում է վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց «կանխամտածված սովամահությանը» Լեռնային Ղարաբաղում

Freedom House լոգո

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝  

«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատանքներ տանել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը։

Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»,- թվիթերյան գրառման մեջ հայտնում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որ մասնավորապես նշված է. «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները տեղում», հայտարարել էր ԿԽՄԿ-ն: