Մատչելի հղումներ

Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը ԼՂ-ի բնակչության համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ հավատարմատար


ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ-ի դրոշները
ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ-ի դրոշները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուքերը արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին` ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում:

Հուլիսի 20-ին Վիեննայում Միրզոյանը հանդես եկավ ելույթով` Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին, որը նվիրված էր Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Իր խոսքում Քեթրին Բրուքերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները, ներառյալ` ամենավերջին եռակողմ հանդիպումը Բրյուսելում հուլիսի 15-ին և հունիսի 27-29-ը [ընկած ժամանակահատվածում] Վաշինգտոնում` արտգործնախարարների միջև»:

Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության, ամերիկացի դիվանագետը ընդգծել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, առաջ շարժվելու միակ ճանապարհն են։ Ողջունում ենք ձեր ակտիվ աջակցությունն` [հասնելու] այս նպատակին: Շարունակում ենք հավատալ, որ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու, հարաբերությունները կարգավորելու, սահմանները սահմանագծելու և սահմանազատելու, տրանսպորտային ու հաղորդակցության ուղիները վերաբացելու, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունն ապահովելու ջանքերը բխում են բոլոր շահագրգիռ կողմերի շահերից»:

Ըստ ամերիկացի դիվանագետի, «Միացյալ Նահանգները տեսնում է տեղում առկա լարվածությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական փակումը` բացառությամբ սահմանափակ բնույթի հումանիտար որոշ երթևեկության, ինչը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Սահմանային միջադեպերը սպառնում են նաև այն նպատակին, որին հասնելու համար քրտնաջան աշխատանք եք ծավալել: Կրկին կոչ ենք անում կողմերին` զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»:

Քեթրին Բրուքերը նկատել է, որ անվտանգության վերաբերյալ ԵԱՀԿ համապարփակ մոտեցումը, որը խարսխված է բոլոր կողմերի սկզբունքների և պարտավորությունների վրա, կարող է նպաստել Հայաստանում ու Ադրբեջանում բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի և դրան հաջորդած հետագա գործընթացների մասը կազմելով։

«Բարձր ենք գնահատում ձեր օգնությունը [ԵԱՀԿ] բյուջեի շուրջ փոխհամաձայնության հասնելու հարցում, որը թույլ կտա ԵԱՀԿ-ին շարունակել իր գործիքակազմի կիրառումը և նախագծերի իրականացումը` ի շահ մասնակից պետությունների: Պարոն նախարար, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկկողմ, բազմակողմ և գործընկերների [ձևաչափերի] միջոցով՝ տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

XS
SM
MD
LG