Մատչելի հղումներ

Ադրբեջան/Հայաստան. կողմերը պետք է հասնեն «մարդասիրական փոխհամաձայնության»՝ մեղմելու տառապանքը


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է տարածել` հորդորելով թույլ տալ օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ` Աղդամը:

Հաղորդագությունում, մասնավորապես, ասված է. «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները տեղում:

Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը: Քաղաքացիական բնակչությունն այժմ զրկված է կենսական նշանակության դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության պարագաներից, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը մատչելի չեն: Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածաշրջան մի քանի շաբաթ առաջ:

«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածաշրջանի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում` մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Ամենից շատ մեզ անհանգստացնում են նրանք, ովքեր ի վիճակի չեն օգնել իրենք իրենց։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, հաշմանդամներն ու երեխաները։ Որպեսզի մենք գործենք այստեղ` [տարածաշրջանում], մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական փոխհամաձայնության։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- հայտարարել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը։

«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, [հակամարտ] կողմերը պետք է թույլ տան և դյուրին պայմաններ ստեղծեն` մարդասիրական օգնության արագ և անարգել փոխանցումը: Սա ներառում է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության սնունդ:

ԿԽՄԿ-ի աշխատանքը խիստ մարդասիրական է։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ ԿԽՄԿ-ն վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացավ տարհանել 24 հիվանդների Լաչինի միջանցքով՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժօգնությունը: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն:

ԿԽՄԿ-ն շարունակում է իր երկկողմ երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի փոխհամաձայնություն ստեղծվի»:

XS
SM
MD
LG