«Վագների» վարձկանները ներգրավված չեն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին. Պենտագոն

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, գրոհայինների մեծ մասը տակավին Մոսկվայի բռնազավթած ուկրաինական տարածքներում է

Պենտագոնի ներկայացնմամբ, «Վագների» զինյալները «զգալի չափով» այլևս չեն մասնակցում Ուկրաինայում ընթացող մարտերին։

«Ներկայում չենք նկատում, որ «Վագների» ուժերը որևէ լուրջ մասնակցություն ունենան Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը:

Նրա խոսքով, միաժամանակ, Միացյալ Նահանգները կարծում է, որ վագներականների մեծամասնությունը դեռևս Ռուսաստանի բռնազավթած ուկրաինական տարածքներում է։

Պենտագոնի այս հայտարարությունը հաջորդել է զինյալների առաջնորդ Պրիգոժինի անհաջող ապստամբությանը, ով մոտ երկու շաբաթ առաջ փորձեց հեռացնել ռուսական զինված ուժերի հրամանատարությանը:

Վարձկանների պարագլուխ Եվգենի Պրիգոժինը վստահեցնում է, որ իր ապստամբությունը նպատակ ուներ ոչ թե տապալել իշխանությունը, այլ փրկել «Վագները», քանզի ռուսական զինված ուժերի Գլխավոր շտաբը պատրաստվում էր ցրել խմբավորումը։ Պրիգոժինը նաև ռազմական ղեկավարներին մեղադրում է անիրազեկ լինելու մեջ, ինչը, ըստ նրա, ավելի նկատելի դարձավ Ուկրաինա ներխուժումից հետո։

Հունիսի 29-ին Կրեմլում գաղտնի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն առաջարկել է վարձկաններին, այդ թվում՝ Պրիգոժինին ծառայության անցնել ռազմական գերատեսչության կազմում, սակայն վագներականների ղեկավարը մերժել է առաջարկը։ Այս մասին երեկ հայտնել է Պուտինը՝ մոսկովկան «КоммерсантЪ» պարբերականի Կրեմլի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին տված հարցազրույցի ժամանակ։

Վարձկանները «կարող էին հավաքվել մեկ տեղում և շարունակել ծառայել... ։ Նրանց համար ոչինչ չէր փոխվի։ Նրանց ղեկավարելու էր նույն մարդը, ով այս ողջ ընթացքում եղել է վարձկանների իրական հրամանատարը»,- ասել է Պուտինը։

Ըստ պարբերականի, Ռուսաստանի նախագահի նշած անձը վագներականների հրամանատար Սեդոյն է։ Պուտինի խոսքով, նա էր վերջին 16 ամիսներին ղեկավարում ուկրաինական ճակատում կռվող վարձկաններին։

«Շատերը` [«Վագների» հրամանատարները] գլխով արեցին, երբ սա առաջարկեցի: Սակայն Պրիգոժինը, ով նստած էր առջևում և դա չէր տեսնում, ասաց. «Ո՛չ, տղաները համաձայն չեն նման որոշման հետ»,- հավելել է Պուտինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտարարեց, որ «Վագներ» խմբավորումից ստացել է ավելի քան 2 000 միավոր զինտեխնիկա, 2 500 տոննա զինամթերք և 20 000 միավոր հրաձգային զենք։ Անհաջող ապստամբությունից հետո, Պրիգոժինը համաձայնել է իր գլխավորած վարձկանների սպառազինությունը հանձնել կանոնավոր ռուսական զորքին։