Մատչելի հղումներ

Ռուսաստանի իշխանություններն իրարամերժ հայտարարությւոններ են անում «Վագներ» խմբավորման վերաբերյալ


Ռուսաստանի նախագահ Պուտինը խոստովանել է, որ «Վագներ» խմբավորումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից, թեև Ռուսաստանի իշխանություններն ու վարձկանների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը տևական ժամանակ հերքում էին այդ։

«Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությունը ներկայացնում է, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվել Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները «մասնավոր ռազմական ընկերության» վերաբերյալ։

2019 թվականի հունիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Սիրիայում «Վագներ» խմբավորման գործունեության մասին լրագրողների հարցին, ասաց, որ կառավարությունը կապ չունի կազմակերպության հետ․ «Ինչ վերաբերում է մասնավոր պահնորդական ընկերություններին, որոնց հովանավորությամբ գործում են ձեր նշած մարդիկ, նրանք իսկապես այնտեղ են։ Դա ռուսական պետությունը չէ։ Եվ նրանք ռազմական գործողությունների մասնակից չեն, ցավոք կամ բարեբախտաբար»:

Մեջբերված է Կրեմլի պաշտոնական կայքում առկա սղագրությունը։

2019 թվականի նոյեմբեր

2019 թվականի նոյեմբերին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանեց 2017 թվականի տեսանյութը, ուր, ըստ «Նովայա Գազետա» պարբերականի, «Վագներ» խմբավորման զինյալները դաժանաբար սպանում են սիրիացի մի զինվորականի․ «Չգիտեմ, թե որքանով են արդարացված այն եզրակացությունները, որ արվում են, [կամ] մարդկանց բացահայտելու փորձերը։ Ամեն դեպքում, կարող եմ ասել՝ որևէ տեղեկություն և կապ չունենք այդ անձանց հետ»։

Պեսկովի խոսքը մեջբերել էր «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Պուտինի խոսնակը հավելել էր, որ Կրեմլը ցնցված է տեսանյութից, և որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն կքննի այն, եթե անհրաժեշտ համարի։ Քրեական գործ այդպես էլ չհարուցվեց։

1 մայիսի, 2022 թվական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով իտալական «Mediaset» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ Ուկրաինայում «Վագներ» խմբավորման գործունեության վերաբերյալ, ասել էր. ««Վագները» մասնավոր ռազմական ընկերություն է, որը կապ չունի ռուսական պետության հետ»։

27 հունիսի, 2023 թվական

Պրիգոժինի ձախողված հեղաշրջումից օրեր անց Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ իշխանությունները հովանավորել են խմբավորմանը․ ««Վագներ» խմբավորման ֆինանսավորումը ամբողջությամբ տրամադրվել է պետության կողմից՝ պաշտպանության նախարարությունից, պետական բյուջեից։ Ամբողջությամբ ֆինանսավորել ենք այս խմբին։ 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիս պետությունը «Վագներին» տրամադրել է 86 միլիարդ 262 միլիոն ռուբլի՝ դրամական աջակցության և խրախուսական վճարների համար»:

Պատժամիջոցներն ու Արևմուտքի վերաբերմունքը

Եվգենի Պրիգոժինը ԱՄՆ պատժամիջոցների ցանկում է 2016 թվականից, իսկ «Վագներ» խմբավորումը՝ 2017 թվականից։

2023 թվականի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խմբավորումն անվանեց «միջնորդ»՝ Ռուսաստանի իշխանությունների համար, և ներառեց անդրազգային հանցավոր կազմակերպությունների ցանկում։

Այս հունիսի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց չորս այլ ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Աֆրիկայում Պրիգոժինի գործունեության հետ: Սպիտակ տունը հայտարարել է, որ շարունակելու է պատժամիջոցներ կիրառել «Վագներ» խմբավորման դեմ՝ կանխելու աշխարհում այդ կազմակերպության կողմից «քաոսի և բռնության» տարածումը:

XS
SM
MD
LG