Ուսամա ալ-Բուշին 2016 թվականից ապրում է Թուրքիայում՝ թողնելով հայրենի Սիրիան պատերազմի պատճառով։ 24-ամյա երիտասարդը երկրից փախչելուց առաջ երազում էր բժիշկ դառնալ:
Այժմ նա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հատակներ է վերանորոգում, պատրաստում։ Տնից հեռու ապրելը նրան դրդել է օգնել Թուրքիայում բնակվող այլ սիրիացիների:
«Երբ գործի չեմ գնում, աշխատում եմ աջակցել այստեղի սիրիացիներին՝ սոցիալական ցանցերի միջոցով: Շատ սիրիացիներ այստեղ խնդիրներ են ունենում։ Երբեմն փորձում եմ օգնել նրանց՝ լուծել այդ խնդիրները՝ խոսելով պաշտոնյաների հետ։ Սիրիացիների մի մասն անտեղյակ է թուրքական օրենքներից։ Օգտագործում եմ սոցիալական ցանցերը՝ նման հարցերում օգնելու նրանց»,- ասում է ալ-Բուշին:
ՄԱԿ-ի տվյալներով, Թուրքիայում 3,6 միլիոն սիրիացի փախստական կա՝ 6,8 միլիոն սիրիացի փախստականների գրեթե կեսը, որոնց մեծ մասը փախել է հարևան երկրներ 2011 թվականին սիրիական հակամարտության բռնկումից հետո:
Փորձագետներն ասում են, որ փախստականների մեծ մասը մնում է այն երկրում, ուր հասնում են հայրենիքը լքելուց հետո:
«Վերջին 20-30 տարիներին ողջ աշխարհում աճել է փախստականների թիվը։ Ներկայում, աշխարհում կա ավելի քան 100 միլիոն փախստական: Շատ փախստականներ պաշտպանություն են փնտրում այլ երկրներում: Սակայն յուրաքանչյուր 100 փախստականից միայն 15-ն է կարողանում բնակություն հաստատել զարգացած երկրում: Մյուսներն ուղղակի մեկնում են հարևան երկրներ»,- ասում է փախստականների հարցերով փորձագետ Մուրատ Էրդողանը:
Միլիոնավոր սիրիացի փախստականների առկայությունը լարվածության պատճառ է դարձել Թուրքիայում՝ հատկապես անցած ամիս կայացած ընտրությունների ժամանակ, որոնց արդյուքնում հաղթանակ տարավ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քարոզարշավի ընթացքում Էրդողանը խոստացել է ջանքեր գործադրել 1 միլիոն սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Ալ-Բուշին ասում է, որ օգտակար բան չէ Թուրքիայում գտնվող փախստականների հարցը քաղաքականացնելը:
«Կոչ եմ անում բոլորին փախստականներին չօգտագործել որպես քաղաքական գործիք։ Փախստականներն արդեն իսկ տառապում են տեղահանության, տնից հեռու լինելու և այլ ճնշումների պատճառով: Խնդրում եմ, մի ավելացրեք նրանց բեռը»,- ասում է նա:
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ավելի քան 29 հազար սիրիացի փախստականներ անցած ամիս վերադարձել են հայրենիք։ Ալ-Բուշին և այլ ակտիվիստներ հույս ունեն, որ Սիրիայում պայմանները կբարելավվեն, որպեսզի ավելի շատ փախստականներ կարողանան կամավոր կերպով վերադառնալ հայրենիք: