Չեչնիայում լրագրող Ելենա Միլաշինայի դաժան ծեծը ահաբեկություն է

Ռուսաստանցի իրավապաշտպանների համոզմամբ, Չեչնիայի իշխանությունները պատասխանատու են Ելենա Միլաշինայի և Ալեքսանդր Նեմովի նկատմամբ գործադրված բռնության համար:

Բժշկական հետազոտության արդյունքում լրագրող Ելենա Միլաշինայի մոտ ախտորոշել են գանգուղեղային փակ վնասվածք, մատների և ձեռքերի տասնչորս կոտրվածքներ, փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ` փոխանցել է «Новая газета. Европа»-ն:

Դաժան ծեծից միայն երկու օր անց Չեչնիայի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց, բայց երկու հոդվածով՝ առողջությանը թեթև և միջին ծանրության վնաս պատճառելը։

Լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ հուլիսի 4-ին, երբ նրանք մեկնել էին Գրոզնի՝ Զարիմա Մուսաևայի դատավարությանը մասնակցելու համար։ Ծեծից բացի` հանցագործները սափրել են Միլաշինայի գլուխը և ներկել կանաչ:

Տեղի ունեցածը սուր քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հարձակումն անվանել է «սարսափելի բռնության ակտ, որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունքը մարդու արժանապատվության և մամուլի ազատության նկատմամբ»:

Կասկած չկա, որ այս հարձակման կազմակերպման, նախապատրաստման և իրականացման գործում ներգրավված են եղել Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչները` համոզված է «Մեմորիալ» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Օլեգ Օրլովը։ Նրա կարծիքով, կապ չունի, թե կոնկրետ ով է հրաման տվել:

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպան. «Չեչնիան իր օրենքն ունի, ավելի ճիշտ՝ «հասկացությունը»` «Ռամզանն ասաց»»

«Ակնհայտ է, որ, ամեն դեպքում, Կադիրովն է ամեն ինչի համար պատասխանատվություն կրում` որպես ղեկավար, ավելի ճիշտ՝ որպես հանրապետության լիիրավ տեր»,- հավելել է նա «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում. «Նա պատասխանատվություն է կրում գոնե այնպիսի համակարգ ստեղծելու համար, ուր հնարավոր է նման անկարգությունը»։

Օրլովի կարծիքով, դաժանությամբ աչքի ընկած գործողության նպատակն էր կանխել լրագրողների, փաստաբանների մուտքը Չեչնիա՝ վախեցնելով նրանց. «Այժմ շատ ավելի դժվար կլինի գտնել փաստաբանների, ովքեր կհամաձայնեն մեկնել Չեչնիա աշխատանքի։ Իհարկե, հարձակումը հիմնականում Ելենա Միլաշինայի դեմ էր. Կադիրովը, նրա շրջապատից մարդիկ Միլաշինային ընկալում են որպես թշնամի։ Հանրահավաքների ժամանակ (Գրոզնիում) նրան հրապարակավ անվանեցին՝ թշնամի, «օտարերկրյա գործակալ»»։

Օլեգ Օրլովը ամփոփել է` 99,9%-ով վստահ է, որ հետաքննությունն ապարդյունք կավարտվի` «անգամ չեն հայտնաբերի կատարողներին»։

Մեր վրա հարձակումից հետո հանրապետությունում իրավիճակը գրեթե չի փոխվել, միայն վատացել է` հայտարարել է «Խոշտանգումների կոմիտեի» նախկին ղեկավար Իգոր Կալյապինը, ով իր գործընկերների հետ միասին մի քանի տարի առաջ Չեչնիայում հարձակման էր ենթարկվել։ Նրա կարծիքով, վատ փոփոխություններն ունեն մի քանի պատճառ:

«Նախ, Չեչնիայի Հանրապետությունում ամրապնդվել է այն ընկալումը, որ նրանք հարկավոր են դաշնային իշխանություններին` թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք մասնակցում են, այսպես կոչված, հատուկ ռազմական գործողությանը (Ուկրաինայի պատերազմին)»,- նշել է «Ամերիկայի Ձայնի» զրուցակիցը,- «Երկրորդ, նրանք արդեն սովոր են, որ վերահսկում են ամեն ինչ, այդ թվում՝ տեղեկատվական դաշտը։ Նրանք սովոր չեն, որ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ազատ շրջագայել հանրապետությունում։ Բնականաբար, նրանք տեղեկացված են եղել Միլաշինայի այցի մասին։ Մնացածը գիտենք»:

Այս գործողությունը ցուցադրական էր և իրականացվել է ահաբեկելու նպատակով` նշում է Իգոր Կալյապինը. «Որպեսզի բոլորին ցույց տան, որ «նույնը կարող է պատահել ձեզ հետ»: Ընդգծում եմ, այս հարձակումը միայն Միլաշինայի դեմ չէ, ով վաղուց է, ինչ տեղական իշխանությունների «բարկացնողն» է և ում հասցեին հնչել են ամենատարբեր սպառնալիքներ։ Սա նաև գործողություն էր Նեմովի դեմ, ով Զարիմա Մուսաևայի գլխավոր պաշտպանն էր։ Չեչնիայում այս դեպքը հատկապես կարևոր է, քանի որ այն կապված է «Telegram»-յան ընդդիմադիր «1ADAT» ալիքի գործունեության հետ (որը վարում էին Մուսաևայի որդիները): Մուսաևան հատուցում է այդ ալիքի և Յանգուլբաև եղբայրների արածի համար»։

Իրավապաշտպանը վստահ է` Քննչական կոմիտեի գործողությունները ոչինչ չեն նշանակում. «Չեչնիան իր օրենքն ունի, ավելի ճիշտ՝ «հասկացությունը»` «Ռամզանն ասաց»»: