Թեև Իսրայելը դուրս է բերել իր ուժերը, սակայն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կկրկնի գործողությունները` ահաբեկչության դեմն առնելու համար: Պաղեստինցի պաշտոնյաները Իսրայելին մեղադրել են փաստացի ռազմական գործողությունների ժամանակ հիվանդանոցները թիրախավորելու մեջ:
Նախորդ օրերին տեղի ունեցածը` վերջին քսան տարիների ամենից ծավալուն գործողությունն էր, որ ձեռնարկել էր իսրայելական բանակը իր իսկ կողմից բռնազավթած պաղեստինյան տարածքներում։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն արդարացրել է այն` հայտարարելով, որ իսրայելական ուժերը թիրախավորել են ահաբեկիչներին:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Բրայան Քաթուլիսն ասել է, որ տևական ժամանակ է, ինչ Ջենինը պաղեստինյան զինյալների հենակետ է. «Այնտեղ զինյալներ կան, որոնք կապված չեն ազդեցիկ պաղեստինյան կազմակերպությունների հետ։ Նրանք ոչ միայն ահաբեկչական լուրջ սպառնալիք են իսրայելցիներին, այլև` մարտահրավեր քաղաքացիական պաղեստինցիների համար: Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններն ոմանք դիտարկեցին որպես պատասխան սպառնալիքներին»։
Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ-Քեյլանը մեղադրել է իսրայելական կողմին հիվանդանոցները գրոհելու համար. «Գործողությունների ժամանակ օկուպացիոն ուժերը գրոհել են Ջենինի հանրային հիվանդանոցը՝ լրջորեն վիրավորելով ներսում գտնվող քաղաքացիներին։ Առաջին անգամը չէ, որ նրանք կրակել են Ալ-Ամալ հիվանդանոցի ուղղությամբ։ Նաև զրահամեքենաներով ներխուժել են Իբն Սինայի մասնագիտացված հիվանդանոցի բակ: Դիտավորյալ խոչընդոտել են Ջենինում շտապօգնության մեքենաների ընթացքը` թույլ չտակով հասնել վիրավորներին»:
«Refugees International»-ը և այլ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել երկու կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները, հատկապես` հարձակումները քաղաքացիական անձանց նկատմամբ՝ ընդգծելով, որ Իսրայելի օդային հարվածները Ջենինի խիտ բնակեցված փախստականների ճամբարին անհամաչափ ուժի կիրառում է և անհանգստացնող: