Յելենն այցելել է Չինաստան` երկկողմանի կապերի կայունացման համար

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի ժամանել է Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ քննարկելու երկու երկրների միջև լարված հարաբերությունները հարթելու տարբերակները:

«Ուրախ եմ լինել Պեկինում և հանդիպել չինացի պաշտոնյաներին, բիզնեսի ներկայացուցիչներին», - գրել է Յելենը
«Twitter»-ում: «Մենք ձգտում ենք առողջ տնտեսական մրցակցության, որը օգուտ կբերի ամերիկյան աշխատողներին և ընկերություններին, և [Պեկինի հետ] համագործակցել համաշխարհային մարտահրավերների շուրջ»:

«Միջոցներ կձեռնարկենք ամրապնդելու մեր ազգային անվտանգությունը, երբ անհրաժեշտ լինի»,- հավելել է նա. «Այս ուղևորությունը հնարավորություն է տալիս շփվել և խուսափել թյուրիմացությունից»:

Յելենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է իր վարչակազմին մի շարք ուղղություններով խորացնել շփումները երկու երկրների միջև, և ինքն սպասում է այդ հանձնարարության կատարմանը:

Ըստ ԱՄՆ Ֆինանսների նախարարության, Պեկինում Յելենը քննարկելու է համաշխարհային տնտեսության կայունացման, Ռուսաստանին Չինաստանի աջակցության հարցերը: Յելենի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նախատեսված չէ:

ԱՄՆ ֆինանսների նախարարն այս շաբաթվա սկզբին հանդիպեց Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Սի Ֆենգին` ըստ ամերիկյան կողմի, բարձրացնելով «մտահոգիչ հարցեր` միաժամանակ ընդգծելով երկու խոշորագույն տնտեսությունների կարևորությունը, որոնք միասին աշխատում են համաշխարհային մարտահրավերների, այդ թվում՝ մակրոտնտեսական և ֆինանսական հարցերի շուրջ»:

Չինական պետական լրատվամիջոցները փոխանցել են նախագահ Սի Ծինփինի խոսքերը, թե հույս ունի, որ երկու երկրները կամրապնդեն երկխոսությունը։

Նյութում օգտագործվել են «Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի տեղեկությունները: