Չեչնիայում հարձակման ենթարկված ռուս լրագրողուհի Ելենա Միլաշինան ծանր վիճակով Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է` չորեքշաբթի «AFP»-ին ասել է «Новая газета»-ի խմբագիր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը։
Մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները իրենց մտահոգություն են բարձրաձայնել, երբ Միլաշինան հայտարարեց, որ այս շաբաթվա սկզբին Չեչնիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իրեն և փաստաբան Ալեքսանդր Նեմովին ծեծի են ենթարկել և սպառնացել զենքով:
«Միլաշինան գտնվում է Մոսկվայում՝ հիվանդանոցում։ Նրա վիճակը, ճիշտն ասած, ծանր է. նրան լուրջ ծեծի են ենթարկել»,- «AFP»-ին ասել է Մուրատովը:
«Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել` հիվանդանոցում գտնվող Միլաշինայի մասին. կնոջ գլուխը սափրված է, ձեռքերը՝ վիրակապված։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, հարձակվողներն են սափրել լրագրողի գլուխը և ներկել կանաչ։
Մուրատովը չորեքշաբթի հայտարարել է, որ Միլաշինայի մատները կոտրված են, և հարձակվողները փորձել են մուտք գործել նրա հեռախոս։
Միլաշինան, ով երկար տարիներ է աշխատում «Новая газета»-ում, բազմիցս է լուսաբանել Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները։ 2000 թվականից ի վեր սպանվել է «Новая газета»-ի վեց աշխատակից, այդ թվում՝ լրագրող, Կրեմլի քաղաքականությունն ակտիվորեն քննադատող Աննա Պոլիտկովսկայան, ում գնդակահարել են Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։
Your browser doesn’t support HTML5
«Ընդդեմ խոշտանգումների կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Միլաշինայի լուսանկարները` հիվանդանոցում, սափրած և կանաչ ներկած գլխով, ձեռքերը՝ վիրակապի մեջ:
Տեսանյութում` հիվանդանոցում` մահճակալին պառկած Միլաշինան պատմում է իր հետ կատարվածի մասին. «Եկան, մեքենայից դուրս շպրտեցին տաքսու վարորդին, ներխուժեցին ավտոմեքենա, մեր ձեռքերը կապեցին, ատրճանակները դրեցին մեր գլխներին և ստիպեցին ծնկի գալ։ Ամեն ինչ նյարդայնացած էին անում, չկարողացան ինչպես հարկն է իմ ձեռքերը կապել»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է ամենի մասին. «Մենք խոսում ենք շատ լուրջ հարձակման մասին, որի [բացահայտումը] պահանջում է գործադրել եռանդուն ջանքեր»։
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, ում հասցեին չի մարում սուր քննադատությունը` իր ղեկավարած հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման համար, հայտարարություն է տարածել, թե հրահանգել է պարզել` ով է կանգնած հարձակման հետևում. «Իրավապահները սկսել են աշխատել միջադեպի մասին հայտարարությունից անմիջապես հետո»։
«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը ընդգծել է` «սարսափած է Միլաշինայի վրա վայրագ հարձակումից»: Իր հերթին` «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին հորդորել է հետաքննել տեղի ունեցածը:
Ռուսաստանյան ազդեցիկ և անկախ պարբերական համարվող «Новая газета»-ն նաև փոխանցել է, որ Միլաշինան ու Նեմովը նախ տեղափոխվել են Գրոզնիի հիվանդանոցներից մեկը։ Ելենա Միլաշինան պարբերականին ասել է, որ Չեչնիայի մայրաքաղաք էր այցելել՝ մասնակցելու Կադիրովին քննադատող երեք վտարանդիների մոր՝ Զարեմա Մուսաևայի դատավարությանը:
Չեչեն ուժայինները Մուսաևային ձերբակալել էին անցած տարվա հունվարին Նիժնի Նովգորոդում՝ Գրոզնիից 1 800 կիլոմետր հյուսիս ընկած քաղաքում։
2022 թվականի փետրվարին «Новая газета»-ն հայտնել էր, որ Միլաշինան ստիպված ժամանակավորապես լքել է Ռուսաստանը՝ Չեչնիայի ղեկավարությունից սպանության սպառնալիքներ ստանալուց հետո:
Ռուսաստանյան լրատվամիջոցները փոխանցել են այդ երկրի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի խոսքերը, թե միջադեպը «պետք է ուշադիր հետաքննվի, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն»:
Մոսկալկովան նշել է, որ Միլաշինային տեղափոխել են այլ հիվանդանոց. «Լրագրողի անվտանգությունը լիովին երաշխավորված կլինի»։