Հաագայում ստեղծվել է Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մեղավորների հետապնդման միջազգային կենտրոն

Կենտրոնը նպատակ ունի լրացնել միջազգային իրավունքի բացերը՝ դառնալով ագրեսիայի հանցագործության համար վճիռներ կայացնող ատյան։

Ուկրաինայի, ԱՄՆ ու Եվրամիության իրավապահ մարմինների ներկայացուցիչները երկուշաբթի ներկա էին Միջազգային կենտրոնի բացմանը, որի նպատակն է Ռուսաստանի ղեկավարության դեմ գործեր հարուցելը՝ Ուկրաինա ներխուժելու համար:

Ուկրաինայի իշխանությունները հետաքննում են ավելի քան 93 հազար ռազմական հանցագործությունների մասին հաղորդումներ և մեղադրանքներ են ներկայացրել 207 կասկածյալների՝ երկրի դատարաններում։

Բարձրաստիճան կասկածյալները կարող են դատվել Հաագայի Միջազգային քրեական դատարանում, ուր կայացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին որոշումը։

Այնուամենայնիվ, միջազգային իրավունքում առկա բացերի պատճառով ներկայում չկա այնպիսի դատարան, որը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել 2022 թվականի փետրվարի 24-ի ներխուժման համար:

Ագրեսիայի հանցագործության հետապնդման նոր միջազգային կենտրոնը (ICPA), որը նույնպես տեղակայված է Հաագայում, կաշխատի Միջազգային քրեական դատարանի հետ՝ նպաստելով, որպեսզի այդ բացերը «փակվեն»:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի խոսքով, նոր կենտրոնը ապացույցներ է հավաքելու՝ պատերազմի համար պատասխանատու ռուսաստանցի ռազմական և քաղաքական ղեկավարնրի դեմ գործեր հարուցելու համար։

«Եթե ագրեսիայի հանցագործություններ չկատարվեին, ապա ռազմական հանցագործությունների 93 հազար դեպք չէր լինի»,- լրագրողներին ասել է Կոստինը, հավելելով, որ «հատուկ դատարանի ստեղծումն անխուսափելի է»։

Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարցով համատեղ քննչական խմբի աջակցությամբ կենտրոնը փաստորեն, կդառնա հատուկ տրիբունալի հիմքը՝ հավաքելով քրեական գործերի նյութեր, որոնք կարող են փոխանցվել դատարան:

ԱՄՆ-ն պատրաստվում է ապացույցներ ներկայացնել և Հաագա գործուղել հատուկ դատախազ Ջեսիքա Քիմին։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Քենեթ Փոլայթն ասել է, որ Քիմը «անսահմանափակ հնարավորություն կունենա՝ [օգտագործել] Արդարադատության նախարարության կուտակած զգալի տեղեկատվությունը և ռեսուրսները՝ կապված Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմի հետ»:

Հիշեցնենք, Միջազգային քրեական դատարանը իրավասու է դատական հետապնդում սկսել Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության գծով, սակայն իրավական սահմանափակումների պատճառով իրավասու չէ մեղադրանք ներկայացնել ագրեսիայի հանցագործության համար:

Ուկրաինան կոչ է անում ագրեսիայի հանցագործությունները քննել հատուկ տրիբունալում: Առաջարկին կողմ են Եվրամիության երկրների մեծ մասը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլն։ Տակավին պարզ չէ, թե իրավական ինչ հիմքով կստեղծվի նման տրիբունալը:

Կոստինը նշել է, որ կենտրոնի ստեղծումը նշան է, որ միջազգային աջակցություն կա հատուկ տրիբունալի ստեղծման համար, «և հավատում ենք, որ այս կենտրոնն [առաջին] արդյունքները կունենա առաջիկա ամիսներին»։

Առաջարկվող հատուկ տրիբունալի իրավական ստույգ շրջանակը դեռևս քննարկվում է, սակայն իրավագետներն ասում են, որ քրեական հետապնդում կարող է սկսվել Ռուսաստանի կառավարության և ռազմական ոլորտի մոտ երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: