Մատչելի հղումներ

Ինչպես կազդեն Գերագույն դատարանի որոշումները Միացյալ Նահանգներում բնակվող տարբեր փոքրամասնությունների վրա


Քաղաքական ակտիվիստները իրարամերժ կարծիքներ ունեն Գերագույն դատարանի որոշումների հնարավոր հետևանքների առնչությամբ: Մինչ ոմանք ողջունում են ինը հոգանոց բարձրագույն դատական ատյանում մեծամասնություն կազմող դատավորների որոշումներըը, մյուսները՝ մտահոգված են, թե այն վնաս կհասցնի փոքրամասնություններին:

Սոցիալական, սեռական, էթնիկ փոքամասնությունները, ներառյալ՝ ուսանողական վարկերիի վարկառուները, ԼԳԲՏՔ համայնքը, կրթական հաստատություններում բազմազանության մոտեցման կողմնակիցները և այլ խմբեր շարունակում են քննարկել Գերագույն դատարանի անցած շաբաթ կայացրած որոշումների հնարավոր հետևանքները:

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը, «ABC» հեռուստաընկերության եթերում իր անհամաձայնությունն է հայտնել այն կարծիքի հետ, թե «դրական խտրականության» քաղաքականության չեղարկումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում բազմազանության վրա․ «Վստահ եմ, որ աֆրոամերիկացիները և փոքրամասնություն կազմող այլ ամերիկացիները կշարունակեն մրցել և հաջողության հասնել երկրի բոլոր համալսարաններում, բայց մենք դա անելու ենք առանց ընդգծելու ռասայական պատկանելիությունը, որը, կարծում եմ, յուրաքանչյուր ամերիկացու ձգտումն է»:

Ռասայական հավասարության համար պայքարող ակտիվիստները թերահավատ են: «Կոչ ենք անում բուհերին՝ շարունակել անհավասար պայմաններում գտնվող ուսանողների ընդունելությունը...։ Ոչինչ չի խանգարում շարունակել այդ գործընթացը»,- ասում է «Օրենքի ներքո քաղաքացիական ազատությունների իրավաբանների կոմիտեի» ներկայացուցիչ Դեյվիդ Հինոջոսան։

Գերագույն դատարանն առանձին որոշմամբ արգելափակեց նախագահ Ջո Բայդենի՝ դաշնային ուսանողական վարկերի պարտքերը չեղարկելու կամ նվազեցնելու ծրագիրը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռո Խաննան դատապարտել է այդ քայլը՝ ելույթ ունենլկով «ABC»-ի եթերում․ «Բոլոր այս ուսանողները հույս ունեն, որ իրենց ուսանողական վարկերը կներվեն: Ես ստիպված էի 150 հազար դոլար ուսանողական վարկ վերցնել։ Իմ կյանքում եղել են պահեր, երբ ստիպված էի ուղղակի համբերել: Բախտավոր եմ, որ կարողացա մարել դրանք, բայց այն, իրոք, շատ դժվար է»:

Դիտորդների ներկայացմամբ, ԼԳԲՏՔ համայնքը նույնպես կարող է խտրականության նոր ձևերի զոհ դառնալ այն բանից հետո, երբ դատարանի պահպանողական մեծամասնությունը որոշեց աջակցել մի սեփականատիրոջ, ով հրաժարվել է ծառայություններ մատուցել նույնասեռական զույգերին:

«Դատարանի մեծամասնության համար սա պարտադրանքի դեմ հանդես գալու մասին որոշում է, իսկ որոշման հակառակորդների համար այն մի պատմություն է, երբ հաճախորդը փորձում է ապրանք կամ ծառայություն գնել և մերժվում է»,- ասում է իրավագիտության պրոֆեսոր Լինդա ՄակՔլեյնը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Փենսի կարծիքով՝ տեղի ունեցածը դավանանքի ազատության հաղթանակն է․ «Այդ ուժեղ պահպանողական մեծամասնությունը նաև հաստատեց յուրաքանչյուր ամերիկացու իրավունքը՝ ապրել, աշխատել, հավատալ իր խղճի կամոք»։

Գերագույն դատարանն այժմ արձակուրդում է, և գործերի քննությունը կվերսկսի այս տարվա ավարտին:

XS
SM
MD
LG