Միացյալ Նահանգները զգուշավոր է արձագանքել շաբաթ օրը Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ «Վագներ» խմբավորման զինյալները վերահսկողության տակ էին վերցրել կարևոր ռազմական օբյեկտներ ու շարժվում էր դեպի Մոսկվա՝ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարներին հեռացնելու նպատակով: Սակայն խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հանկարծակի չեղարկեց ապստամբությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է` թեև վաղ է ասել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան է թուլացել զինված ապստամբության արդյունքում, ակնհայտ է, որ նա պարտվում է Ուկրաինայի պատերազմում։
«Նա տանուլ է տալիս պատերազմը՝ իրեն խեղկատակ դարձնելով ողջ աշխարհի առջև: Խոսքը միայն ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին չէ: Կա նաև Ճապոնիան և էլի քառասուն պետություններ»,- նշել է Նախագահ Ջո Բայդենը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համաձայն է հնչած գնահատականի հետ՝ ուշադրություն հրավիրելով Պուտինի հայտարարած նպատակների տարբերության վրա, երբ նա նոր էր սկսել պատերազմը և հիմա:
«Իրոք, արտասովոր է, որ տասնվեց ամիս առաջ ռուսական ուժերը Կիևի մատույցներում էին, իսկ այժմ նրանք [«Վագների» զինյալները] շարժվում էին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Պուտինի ստեղծած վարձկանները: Դա ինչ-որ առումով ցույց է տալիս, թե որքան է Պուտինը ձախողել»,- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Հեթր Էշբին կարծիք է հայտնել, որ Պուտինն այժմ փորձում է ուժ ցուցադրել, քանզի քաջատեղյակ է` Պրիգոժինը խարխլել է իր հեղինակությունը:
«Այն ցույց տվեց, թե որքան ձևական են [Ռուսաստանի] կառավարական որոշ կառույցներ, որովհետև Պրիգոժինին չցուցաբերվեց ռազմական նկատելի որևէ դիմադրություն։ Մարդիկ, կարծես, բարձրացրել էին ձեռքերը և պարզապես թույլ էին տալիս, որ [ապստամբությունը] տեղի ունենա».- պնդում էՄիացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտից Հեթր Էշբին:
Your browser doesn’t support HTML5
Էշբին համաձայն է Բայդենի ու Բլինքենի հետ` Պուտինի ներխուժումն Ուկրաինա հարված է հասցրել Ռուսաստանին:
«Այն ռազմավարական աղետ էր ռուսական պետության և Ռուսաստանի կառավարության համար: Ոչնչացրեց ռուսների մի ողջ սերնդի ապագան` [խոսքը] ոչ միայն նրանց մասին է, ովքեր զոհվեցին ուկրաինացիների դեմ այս անիմաստ պատերազմում, այլև նրանց, ովքեր հեռացան երկրից և նրանց, ովքեր տուժեցին պատժամիջոցների պատճառով», հավելել է Էշբին:
Պուտինի դաշնակից, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով` երեքշաբթի Պրիգոժինը ժամանել է Բելառուս։