Մինչ բազմաթիվ ուկրաինացիներ լարված հետևում էին Ռուսաստանում ծավալվող քաոսին՝ հուսալով, որ թշնամին ինքն իրեն կթուլանա, առաջնագծում գտնվող զինվորները շարունակում էին մարտեր մղել:
Նրանց խոսքով, մարտադաշտում նկատելի փոփոխություններ չեն եղել, և ռուսական ուժերը շարունակում են հրետանային հարվածներ հասցնել հակահարձակում իրականցնող ուկրաինացիների ուղղությամբ:
«Մեր հարձակման, գրոհի ժամանակ առաջինը մեր հրետանին է գործում, և ռուս զինվորների մեծ մասը փախչում է դիրքերից։ Մնում են մի քանիսը, գուցե երկու-երեք զինվոր։ Հետո՝ մի երկու նռնակ ենք նետում ու վերջ»,- ասում է ուկրաինացի զինծառայող Բոգդանը:
Արդեն շաբաթներ շարունակվող ուկրաինական հարձակմանը մասնակից մյուս զինվորականների նման նա ասում է, որ լսել է խուճապահար ռուս զինվորների բողոքները՝ զինամթերքի և համալրման պակասի մասին:
Բայց ուկրաինացիները հավելում են, թե կատաղի մարտերը են եղել, քանի որ ռուսական զորքերը մեկ տարուց ավելի ժամանակ են ունեցել պաշտպանական գծեր կառուցել և տարածքը պահելու ռազմավարություն մշակել:
«Եթե նույնպես հետևում եք իրավիճակին, ապա գիտեք, որ հարձակումը և քաղաքների ազատագրումը այնքան էլ արագ չեն, որքան մենք կցանկանայինք։ Բայց գործն առաջ է գնում»,- ասում է ուկրաինացի զինվորական բժիշկ Իվանը:
Your browser doesn’t support HTML5
Ժամանակին բարեկեցիկ գյուղերը դարձել են ամայի տարածք, որի համար, սակայն, Ուկրաինան պայքարում է:
Ուկրաինայի համեմատաբար խաղաղ բնակավայրերում տեղացիներն ասում են, թե հույս ունեն, որ ռուսաստանյան ներքին խժդժությունները կմոտեցնեն պատերազմի ավարտը, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք դա տեղի կունենա:
Սակայն մահն ու ավերածությունները, որոնց մարդիկ ականտես են եղել, անհնարին են դարձնում երջանիկ ավարտը՝ շարունակում են բնակիչները:
«Քանի՞ երիտասարդ է զոհվել: Քանի՞սն են դարձել հաշմանդամ: Գույքը կարելի է վերակառուցել, բայց չենք կարող մարդկանց հետ բերել»,- ասում է Զապորոժիեյի բնակիչ Վալենտինա Եֆիմենկոն:
Ավելի քան մեկ տարվա հրետակոծությունից զատ, Զապորոժիեն մեծապես տուժել է Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց և շրջանը վերածեց հսկայական անապատի, ինչի հեևանքով տեղացիները սննդի ու ջրի սուր կարիք ունեն:
Բայց մարտի դաշտում զինվորներն ասում են՝ իրենց ողջ միտքը ռազմական խնդիրների շուրջ է։
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի [պատերազմը] հնարավորինս շուտ ավարտվի։ Ուզում ենք տուն գնալ։ Հասկանում ենք, որ տուն չենք գնա, քանի դեռ մեր մայր Ուկրաինան ազատ ու ապաահով չէ»,- ասում է ուկրաինացի զինծառայող Յուրին:
Նրա խոսքով, զինվորների համար պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան հաղթի, ինչը նշանակում է ազատագրել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված հողերը: