«Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչական գործողության սցենարը։ Ահաբեկչություն՝ ռադիացիայի արտանետմամբ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հինգշաբթի վաղ առավոտյան հրապարակված տեսաուղերձում։
«Հենց նոր զեկուցեցին մեր հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչական հարձակման սցենարը։ Ահաբեկչություն՝ ռադիացիայի արտանետմամբ։ Այդ նպատակով նրանք ամեն ինչ պատրաստել են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին շարունակել է․ «Ցավոք, բազմիցս ստիպված եմ եղել հիշեցնել, որ ռադիացիան պետական սահմաններ չի ճանաչում, և թե ում այն կհարվածի, որոշվում է բացառապես քամու ուղղությամբ»:
«Առկա ողջ տեղեկատվությունը փոխանցում ենք մեր գործընկերներին՝ աշխարհում յուրաքաչյուրին»,- ընդգծել է Զելենսկին․ «Բոլոր ապացույցները [փոխանցել ենք]։ Եվրոպան, Ամերիկան, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, արաբական աշխարհը, Աֆրիկան՝ բոլոր երկրները, բացարձակապես բոլորը պետք է իմանան։ Միջազգային կազմակերպությունները։ Բոլորը»:
«Երբեք, որևէ տեղ, որևէ ահաբեկչական գործողություն ատոմակայաններում չպետք է լինի։ Այս անգամ չպետք է տեղի ունենա նույնը, ինչ Կախովկա [ՀԷԿ-ում]։ Աշխարհը զգուշացվել է, ինչը նշանակում է, որ աշխարհը կարող է և պետք է գործի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, Զապորոժիեի ԱԷԿ-ը, որն ունի վեց ռեակտոր, ռուսական զորքերը գրավել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից ի վեր կայանը ռուսական օկուպացիայի տակ է։
Զելենսկիի խոսքերը հնչել են երկու օր անց, երբ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարեց, թե ռուսական զորքերը ականապատել են զովացնող լճակը, որն օգտագործվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի կողմից: