Բայդենը դրամահավաք է իրականացնում նախընտրական քարոզարշավի համար

Բայդենը մտադիր է կենտրոնանալ իր նախագահության առաջին երկու տարիներին Կոնգրեսի կողմից ընդունված օրենքների ուղղությամբ։

Մինչև հունիսի վերջ նախագահ Բայդենը մասնակցելու է դրամահավաքի նպատակով կազմակերպվող քաղաքական մի քանի միջոցառումների. միջոցներն օգտագործվելու են 2024 թվականին վերընտրվելու արշավի սկզբնական փուլերում։

Բայդենն այս շաբաթ դրամահավաք կանցկացնի Սան Ֆրանցիսկոյում կայանալիք չորս միջոցառումների ժամանակ։ Քաղաքը ԱՄՆ արևմտյան ափին դեմոկրատների հենասյունն է և դրամական մուտքերի ավանդական աղբյուր կուսակցության ղեկավարների համար։

Ընդհանուր առմամբ, առաջիկա երկու շաբաթներին նախագահի մասնակցությամբ ծրագրված է քսան այդպիսի միջոցառում։

Ընդ որում, միջոցառումներից առնվազն կեսին Բայդենն անձամբ կմասնակցի, իսկ մնացածին ելույթ կունենան առաջին տիկին Ջիլ Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։

Նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին Բայդենը հայտարարեց այս ապրիլին։

Սան Ֆրանցիսկոյից զատ, Բայդենը նախատեսում է մասնակցել դրամահավաքներին Նյու Յորք, Մերիլենդ և Իլինոյս նահանգներում, որոնք նույնպես դեմոկրատների հենարանն են համարվում։

Հանգստյան օրերին Փենսիլվանիայում առանցքային արհմիությունները հանդես եկան ի աջակցություն Բայդենի. նահանգը, այսպես կոչված, տատանվողներից է։

«Մենք շատ բան ենք արել»,- անցած շաբաթ հայտարարել էր Բայդենը։ «Մեզ հարկավոր է, որ պարզապես շատերը հասկանան, որ մենք այդ արել ենք, և մենք պետք է ազնիվ լինենք մարդկանց հետ: Պարզապես հնարավորինս անկեղծ լինել»:

Դրամահավաքի միջոցառումները բաժին հասան տարվա երկրորդ եռամսյակի ավարտին, երբ ԱՄՆ քաղաքական գործիչները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հավաքված գումարի վերաբերյալ և հրապարակեն իրենց հիմնական հովանավորների ցուցակը:

Մինչդեռ, հանրապետականները նախատեսում են օգոստոսին անցկացնել իրենց առաջին նախընտրական բանավեճերը, սակայն դեռ հայտնի չէ, թե քանի թեկնածու կառաջադրվի։

Թեկնածուները պետք է համապատասխանեն Հանրապետական կուսակցության պահանջներին՝ հարցման արդյունքում ունենալ նվազագույն աջակցություն և քարոզարշավի համար ժողովված միջոցներ։

Ըստ համապետական հարցումների, 2024 թվականի նախագահական ընտրապայքարին հայտ ներկայացրած հանրապետական թեկնածուների շարքում առաջատարը նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նա 30 տոկոսային կետով առաջ է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսից, էլ ավելի շատ` մյուս թեկնածուներից, որոնց պատրաստ է աջակցել հանրապետական ընտրազանգվածի ոչ ավելի, քան 5 տոկոսը։

Թրամփի հանրապետական մրցակիցների թվում են նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին, սենատոր Թիմ Սքոթը և նախկին նահանգապետեր Քրիս Քրիստին ու Ասա Հաթչինսոնը։

Չնայած ըստ հարցումների Թրամփը շարունակում է պահպանել հանրապետական առաջատար թեկնածուի իր դիրքերը, 2020 թվականին Բայդենին զիջած Սպիտակ տուն վերադառնալու նրա ցանկության առջև առաջադրված քրեական երկու մեղադրանքներն են։

Նյու Յորք նահանգում Թրամփին առաջադրված մեղադրանքների հիմքում կինոդերասանուհուն 130 հազար դոլար վճարելն է` լռության դիմաց։ Բացի այդ, Թրամփին առաջադրվել են դաշնային մեղադրանքներ` 2021 թվաիանին նախագահական պաշտոնը թողնելուց հետո պետական գաղտնի փաստաթղթերի հետ գործ ունենալու առնչությամբ։