Հնդկաստանի վարչապետ Մոդին կայցելի ԱՄՆ-ը. տարաձայնություններն ու ընդհանուր շահերը Հնդկաստան-ԱՄՆ հարաբերություններում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսի 22-ին պետական այցով կայցելի Վաշինգտոն՝ երկու երկրների միջեւ կապերը ամրապնդելու համար։ Չինաստանի հարցում փոխադարձ մտահոգությունները նոր թափ են հաղորդում հարաբերություններին՝ չնայած երկու երկրների տարաձայնություններին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պետական այցից օրեր առաջ ԱՄՆ ժամանած Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները «երկար ճանապարհ են անցել»:

«Կարող եք նայել [ԱՄՆ-Հնդկաստան] հարաբերություններին տեխնոլոգիաների, առևտրի, քաղաքական մերձեցման և ռազմավարական շահերի ոլորտներում: Այսպիսով, ես կարծում եմ, որ Հնդկաստան-ԱՄՆ-ի հարաբերություններն ունեն հզոր և համուզիչ ներուժ»,- ասել է Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Ամենակարևոր հարցերից է Չինաստանի սպառնալիքը։ Մոդիի այցը տեղի է ունենում Պեկինի հետ Հնդկաստանի եռամյա ռազմական դիմակայության պայմաններում, որը դրդել է Նյու Դելիին սերտորեն համագործակցել Վաշինգտոնի հետ՝ Պեկինին դիմակայելու համար:

Ըստ Observer Research Foundation վերլուծաբան Հարշ Փանթի՝ ռազմավարական լանդշաֆտը Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կտրուկ փոխվել է, և Վաշինգտոնում ու Նյու Դելիում գիտակցում են, որ նրանք պետք է սերտորեն համագործակցեն իրավիճակը կայունացնելու համար: Վերլուծաբանը գտնում է, որ Հնդկաստանի համար ռազմավարական հրամայական է դարձել նույնակարծիք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդումը:

Հնդկաստանին առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներին և զենքերին հասանելիությունը, ներառյալ զենքի համատեղ արտադրությունը, կարող է լրջորեն քննարկվել Մոդիի այցի ընթացքում:

Ակնկալվում է, որ Մոդին կհանդիպի նաև բիզնեսի ոլորտի առաջադեմ գործիչների հետ՝ քննարկելու համար Չինաստանից դուրս մի շարք կարևոր ոլորտների, ներառյալ կիսահաղորդիչների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը, որի ուղղությամբ ԱՄՆ ևս մեծ ջանքեր է գործադրում: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հնդկական բիզնես ֆորումում ասել է, որ ջանքերն ուղղված են առևտուրն ավելի հեշտացնելու համար:

«Այդ այցի մի շարք արդյունքները պարզապես էջի կետեր չեն: Դրանք հիմնովին նախագծված են վերացնելու այդ խոչընդոտները պաշտպանական ոլորտի, բարձր տեխնոլոգիաների առևտրի, մեր յուրաքանչյուր երկրում ներդրումների մեջ»:

Մոդին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում։ Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լավատեսություն է հայտնել այցի վերաբերյալ՝ շեշտելով՝ այցը կլինի պատմական, որն ավելի կամրապնդի այն, ինչ նախագահ Բայդենը անվանել է 21-րդ դարի որոշիչ հարաբերություններ։

Այնուամենայնիվ, փոփոխվող աշխարհաքաղաքականության պայմաններում երկու երկրները միշտ չէ, որ նույն հարթության վրա են: Հնդկաստանը Ռուսաստանի հետ պահպանում է բարեկամական կապեր ուկրաինական ագրեսիայից հետո: Մոսկվան դարձել է Նյու Դելիի նավթի ամենամեծ մատակարարը: Քննադատները նաև մտահոգություն են հայտնել Հնդկաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ:

Բայց Մոդիի այցի հիմքում են ընդհանուր շահերը, քանի որ երկու երկրները կենտրոնանում են Չինաստանին հակազդելու խնդրի վրա:

«Երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, շատ անհանգստություն կար, որ դա կխաթարի հարաբերությունները, և երկու երկրները գնում են տարբեր ուղղություններով: Բայց հարաբերությունները շարունակել են աճել. իրականում դրանք ավելի աշխույժ է դարձել»,- ասում է Հարշ Փանթը Observer Research Foundation-ից։

Ակնկալիքն այն է, որ Մոդիի այցը կուժեղացնի հարաբերությունները, որոնք այժմ դիտվում են որպես շահեկան երկու կողմերի համար:

Անջանա Պասրիչան՝ «Ամերիկայի Ձայն»-ի Կենտրոնական ծառայության համար Նյու Դելիից