Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հետաձգել է ծրագրված այցը ուկրաինական Զապորոժիե ատոմակայան, քանի դեռ տեղում իրավիճակը չի բարելավվել՝ չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան ներկայացոցիչը։
Սպասվում էր, որ Գրոսսիի այցն ատոմակայան կկայանա չորեքշաբթի՝ Կիևում բանակցություններից հետո, սակայն դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այն կհետաձգվի «մի քանի ժամով»:
Կիևում՝ լրագրողների հետ հանդիպմանը Գրոսսին իր մտահոգությունն է հայտնել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Your browser doesn’t support HTML5
«Ցանկանում եմ իմ գնահատականը ներկայացնել: Ցանկանում եմ գնալ այնտեղ, տեղի ղեկավարության հետ քննարկել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում՝ վերջնական գնահատական տալու համար, թե ինչ վտանգների ենք առերեսվում»,- ասել է նա։
Հիշեցնենք, ԱԷՄԳ-ն կիրակի խնդրել էր թույլ տալ իր ներկայացուցիչներին ստուգել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո ջրամբարում առկա ջրի մակարդակը։
Զապորոժիեի ատոմակայանն օգտագործում է այդ ջրամբարի ջուրը։ Երեքշաբթի ուկրաինական «Էներգոատոմ»-ը հայտնել էր, որ ջրամբարում ջրի մակարդակը կայուն է և շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի վրա։
Երեքշաբթի Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո, Գրոսսին լրագրողներին փոխանցել է, որ անմիջական վտանգ չկա, բայց «իրավիճակը լուրջ է»։