ԱՄՆ-ում հանրային քննարկումներ են ծավալվել՝ երեքշաբթի Ֆլորիդայի դատարանում Դոնալդ Թրամփի սպասվող ելույթին ընդառաջ և նրան առնչվող մեղադրանքների շուրջ:
Սպասվում է, որ նախկին նախագահին 37 մեղադրանք է առաջադրվելու, ներառյալ՝ երկրի պաշտպանության մասին տեղեկատվության պահպանման խախտում, դավադրություն, կեղծ հայտարարություններ և այլն:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը «ABC»-
Your browser doesn’t support HTML5
փոխանցել է, որ մեղադրանքները նախկին նախագահին «օրենքից դուրս դնելու» փորձեր են․ «Նրան լրտեսության մեջ մեղադրելու [ձեր փորձերը] չեն սասանի իմ աջակցությունը Դոնալդ Թրամփին: Նա անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ։ Բայց այն, ինչ ես փորձում եմ ձեզ փոխանցել, և ցավում եմ, որ ավելի լավ չեմ անում, այն է, որ հանրապետականների մեծ մասը կարծում է, որ օրենքն այժմ դարձել է քաղաքական գործիք»:
Որևէ ապացույց չկա, որ գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ հետաքննությունը, որը գլխավորում էր հատուկ դատախազ Ջեք Սմիթը, օգտագործվել է որպես քաղաքական գործիք՝ իր հերթին՝ «ABC»-ին ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը․ «Չնայած նախագահ Թրամփն անցած օրն անցել է հարձակման՝ թիրախավորելով արդարադատության նախարարությանը և կոչ անելով կտրել Հետաքնությունների դաշնային բյուրոյին հատկացվող միջոցները, վստահ եմ, որ գործը կընթանա օրենքի սահմաններում: Եվ վերջում, ամերիկացի քաղաքացիներից կազմված երդվյալ ատենակալները կորոշեն՝ արդյո՞ք նրան պատշաճ մեղադրանք է առաջադրվել, թե՞ ոչ, և արդյո՞ք նա խախտել է դաշնային քրեական օրենքը»:
Թրամփը հրապարակեց իրեն ուղղված մեղադրական եզրակացությունն իր «Truth Social» սոցհարթակում և հայտարարեց՝ ինքն անմեղ է:
ԱՄՆ-ի ոչ մի նախկին նախագահ չի կանգնել դաշնային դատարանի առջև:
«Fox News Sunday»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, ով աշխատել է Թրամփի օրոք, խստորեն քննադատել է նախկին նախագահին․ «Այլ երկրի վրա հարձակման մարտական ծրագրերը կամ մեր հնարավորությունների մասին պաշտպանության նախարարության փաստաթղթերը ոչ մի կերպ չեն կարող լինել Դոնալդ Թրամփի անձնական փաստաթղթերը: Կարծում եմ, կառավարությունը պատասխանատու գործեց։ [Թրամփին] բոլոր հնարավորությունները տրված էին այդ փաստաթղթերը վերադարձնելու»։
Այս պահին Թրամփի աջակցությունը մեծ է հանրապետականների շրջանում: ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին «CNN»-ի «State of the Union» հաղորդման ժամանակ հայտարարել է․ «Չեմ հավատում այդ անորոշ մեղադրանքներին: Կասկածում եմ, որ դրանք ճիշտ են։ Բայց կարևորն այն է, որ չենք կարող սխալ դատողությունը շփոթել օրենքի խախտման հետ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է արձագանքել Թրամփին մեղադրանք առաջադրելու շուրջ լրագրողների հարցերին: Նախագահը չի մեկնաբանում Թրամփին ներկայացված մեղադրանքները: «Reuters»-ը մեջբերում է Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին, թե Սպիտակ տան վարչակազմի զերծ մնալը մեկնաբանություններից արտացոլում է Բայդենի մոտեցումը, թե երկրի նախագահը չպետք է միջամտի արդարադատության նախարարության գործերին։
Եթե Թրամփին մեղավոր ճանաչեն, նա կարող է կալանավորվել, սակայն իրավաբաներն պնդում են՝ չկան օրենքներ, որոնք կարգելեն նրան կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: