Մատչելի հղումներ

Նախկին փոխնախագահ Փենսը թիրախավորել է Թրամփին 


Սպիտակ տան ղեկավարի աթոռի համար մրցապայքարում հանրապետականները փորձում են խոչընդոտներ ստեղծել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առջև։ Ուշադրության կենտրոնում Թրամփի երկարամյա հավատարիմ փոխնախագահ Մայք Փենսն է, ով խստորեն քննադատել է իր նախկին ղեկավարին: 

Փենսն առաջին անգամն է ուղիղ թիրախավորել Թրամփին, ով այժմ համարվում է ամենից բարձր շանսեր ունեցող հանրապետական թեկնածուն։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն Սահմանադրությունից վեր է դասում և փորձում շրջանցել այն, երբեք չպետք է լինի Միացյալ Նահանգների նախագահ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը:

Երբ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք, նրանք մեղադրում էին նաև Փենսին, քանի որ այն ժամանակվա փոխնախագահը հրաժարվել էր աջակցել Թրամփին, ով կասկածի տակ էր առել ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը։ Ավելին՝ Փենսը, փաստորեն, շնորհավորել էր Բայդենին։

Հանրապետական նախկին փոխնախագահը պահպանողական հայացքներ ունի տնտեսության և արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Լինելով սպիտակամորթ և ավետարանական քրիստոնյա, ինչպիսին կուսակցության հիմնական ընտրազանգվածն է՝ նա մտադիր է խիստ պահպանողական դիքորոշմամբ հանդես գալ հանրային նշանակության տարբեր խնդիրների առնչությամբ, օրինակ՝ հղիության արհեստական ընդհատման հարցում:

Ջորջ Մեյսոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջերեմի Մայերի խոսքով, ըստ հարցումների՝ Փենսը անգամ զիջում է վարկանիշով Թրամփին մոտ կանգնած Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին:

«Թրամփը վերափոխել է կուսակցությունը: Դուք տեսնում եք մարդկանց, ովքեր ցանկանում են փոխարինել Թրամփին: Մայք Փենսը կարող է այդ անել, այսպես ասած, բովանդակային առումով․ նա կարող է խոսել մշակութային պատերազմի մասին: Բայց նա չի կարող պոպուլիստ լինել։ Թրամփից հետո Հանրապետական կուսակցությունը այդ է արժևորում»,- ասում է Մեյսոնը:

Ինչևէ, ցանկացած դեպքում՝ ով էլ ի վերջո ներկայացնի հանրապետականններին հաջորդ տարի կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, Մայք Փենսն արդեն իսկ պատմություն է կերտել՝ դառնալով երկրի առաջին նախկին փոխնախագահը, ով մարտահրավեր է նետել իր նախկին ղեկավարին:

XS
SM
MD
LG