ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ Վաշինգտոնում կհյուրընկալի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։
Մեծ Բրիտանիան ձգտում է խորացնել տնտեսական կապերը ԱՄՆ հետ՝ հասցնելով նույն այն բարձր մակարդակին, ինչ երկու երկրների պաշտպանական ու անվտանգային համագործակցությունն է։
Երամիությունից դուրս գալով՝ Լոնդոնը շարունակաբար խորացնում է հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ արդյունավետ դիմակայելու առկա սպառնալիքներին, մասնավորապես՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը։
Նախագահ Բայդենը, Կոնգրեսի անդամները և ամերիկյան գործարար շրջանակները հանդիպում կունենան բրիտանական կառավարության ղեկավարի հետ։
Your browser doesn’t support HTML5
«Անհերքելի է, որ [Միացյալ Նահանգները] մեր ամենամոտ գործընկերն է առևտրի, պաշտպանության և անվտանգության, դիվանագիտական հարաբերությունների ոլորտներում։ Վաղը ես կխոսեմ տնտեսական համագործակցության ամրապնդման մասին»,- «BBC»-ին փոխանցել է Ռիշի Սունակը, ով չորեքշաբթի ժամանել է Վաշինգտոն:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, առաջիկա բանակցություններին նաև քննարկվելու են արհեստական բանականության կարգավորումներին առնչվող հարցեր։
«Իմ խնդիրն է ապահովել մեր երկրի պաշտպանությունը, և ես վստահ եմ, որ կկարողանանք ապահովել անհրաժեշտ մակարդակի պաշտպանություն»,- ասել է նա «ITV»-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, Մեծ Բրիտանիան կարող է առաջատար դեր ստանձնել այս խնդրի լուծման գործում»:
Ժամանակին «Brexit»-ի կողմնակիցները Միացյալ Նահանգների հետ լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման տարբերակը դիտարկում էին որպես կարևոր հեռանկար, սակայն Վաշինգտոնի դժկամությունը՝ գնալ նման քայլի հարկադրեց Մեծ Բրիտանիային համաձայնագրեր մշակել առանձին ոլորտների համար:
Սունակի կառավարությունը պետք է նաև արձագանքի Բայդենի հայտարարությանը՝ էլեկտրական մեքենաների արտադրությանը և այլ՝ «մաքուր տեխնոլոգիաներին» 369 միլիարդ դոլար սուբսիդավորում հատկացնելու վերաբերյալ։ Վաշինգտոնի այս նախաձեռնությունը հարկադրեց Բրյուսելին մշակել արդյունաբերության զարգացման սեփական ծրագիրը:
Միացյալ Թգավորության վարչապետի խոսքով, ԱՄՆ հետ դաշինքը կօգնի երկու երկրներին ապահովել իրենց տնտեսությունների համար անչափ կարևոր մատակարարման շղթաները և կողմնորոշվել համաշխարհային տնտեսության մեջ, որտեղ, ըստ նրա, զարգացող տերությունները «փորձում են կոշտ վերահսկողություն սահմանել արդյունաբերական այն ճյուղերի նկատմամբ, որոնք որոշիչ են ապագայի համար»: