Մատչելի հղումներ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը նշում է 100-ամյակը. հեղինակավոր գործիչը հետ չի մնում միջազգային գործերից


ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի խորհրդական Հենրի Քիսինջերը վերապրել է իր ժամանակակիցներից շատերից, ներառյալ նրանց, ովքեր առաջնորդում էին Միացյալ Նահանգները դժվարին ժամանակնրում, ինչպես օրինակ նախագահ Ռիչարդ Նիքսոնը վիետնամական պատերազմի ժամանակ:

Քիսինջերը ծնվել է Գերմանիայում 1923 թվականի մայիսի 27-ին։ Նա, հանիրավի, առանցքային դեր է խաղացել ամերիկյան արտաքին քաղաքականությունում 1960-1970-ական թվականներին, այդ թվում՝ Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ։

Քիսինջերի որդու՝ Դեյվիդի խոսքով, հայրը «ոչ միայն գերազանցել է իր հասակակիցներին, ականավոր քննադատներին, ուսանողների մեծ մասին, այլև շարունակում է իր ակտիվ գրծունեությունը նախորդ 90 տարիների ընթացքում»։

Վերջին տարիներին Քիսինջերը՝ որպես նախկին պետական գործիչ շարունակում է պահպանել իր ազդեցությունը Վաշինգտնում ընդունվող որոշումների վրա: Հաճախ նրա խոհրդին են դիմում ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական նախագահները: Բացառություն չէր նաև Դոնալդ Թրամփը։

Վերջերս՝ CBS News-ի հետ զրույցում Քիսինջերը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը մոտենում է շրջադարձային կետին, և պատճառը բանակցություններին Չինաստանի ներգրավելն է։ Հավելել էր՝ ակնկալում է, որ բանակցությունները կավարտվեն «մինչև տարեվերջ»՝ կոչ անելով վերականգնել խաղաղությունը դիվանագիտական ճանապարհով։

Ձեռքից վայր չի դնում գրիչը․ 2021 թվականին լույս տեսավ նաև նրա կողմից հեղինակած «Արհեստական բանականության դարաշրջանն ու մեր մարդկային ապագան» գիրքը: Հարյուրամյա գործիչը նախազգուշացրել է՝ կառավարությունները պետք է պատրաստվեն դիմագրավել արհեստական բանականության հետ կապված ռիսկերը:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական և պետքարտուղար աշխատելու ութ տարիների ընթացքում Քիսինջերը ներգրավված է եղել ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն նախաձեռնություններում, ինչպես օրինակ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու նպատակով իրականացված «մաքոքային դիվանագիտության» մեջ, Չինաստանի հետ գաղտնի բանակցություններում՝ երկկողմ

լարվածությունը նվազեցնելու համար, և, անշուշտ, վիետնամական պատերազմը վերջ դնելու և այդ նպատակով հրավիրված փարիզյան բանակցությունները նախաձեռնելու գործում։

Նիքսոնի հետ միասին նա նույնպես արժանացավ ԱՄՆ դաշնակիցների քննադատությանը, երբ կոմունիստական Հյուսիսային Վիետնամի ուժերը գրավեցին Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնը 1975 թվականին, իսկ ամերիկյան ուժերը պարզապես փախան քաղաքից, որն այժմ կոչվում է Հո Շի Մին:

Քիսինջերին նաև մեղադրում էին Լաոսի ու Կամբոջիայի միջև հակամարտության հրահրման համար։ Հետևանքը՝ Կամբոջիայում Կարմիր քմերների իշխանության գալն էր, որոնք կոտորեցին մոտ 2 միլիոն մարդու։

Հարյուրամյա գործիչը ճանաչում ձեռք բերեց ԱՄՆ ու Խորհրդային Միության միջև լարվածության նվազման ուղղությամբ գործադրած ջանքերի համար՝ 1967-1979 թվականներին, որը հնարավոր դարձավ առևտրային համաձայնագրերի և սպառազինությունների կրճատման փոխադարձ բանակցությունների, ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրերի կնքման միջոցով:

Քիսինջերը Նիքսոնի ամենավստահելի խորհրդականներից էր՝ նրա նախագահության ողջ ընթացքում՝ 1969-1974 թվականներին: Անգամ Ուոթերգեյթի դատավարության ժամանակ Քիսինջերի ազդեցությունը աճեց։ Դատավարության հետևանքով Միացյալ Նահանգների 37-րդ նախագահը հրաժարական ներկայացրեց։

Նիքսոնի տեղը զբաղեցրած Ջերալդ Ֆորդը 1977 թվականին Քիսինջերին պարգևատրեց Ազատության նախագահական մեդալով՝ ընդգծելով, որ նա «իմաստությամբ և կարեկցանքով է օգտագործել Ամերիկայի մեծ ուժը՝ ծառայելով աշխարհին»։

Այնուամենայնիվ, շատերը Քիսինջերին մեղադրում են, որ Վաշինգտոնում աշխատելու տարիներին ավելի շատ մտահոգված է եղել ամերիկյան շահերով՝ աջակցելով Պակիստանի, Չիլիի, Ինդոնեզիայի և այլ երկրների բռնապետական ռեժիմներին։

XS
SM
MD
LG