Ստորև ներկայացնում ենք հատվածներ ՀՀ վարչապետի պատասխաններից: Ամբողջական հարցազրույցը ՀՀ կառավարության կայքում:
CNN primanews – Ինչպե՞ս են Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ ունե՞ք, կամ անձնական հարաբերություններ ունե՞ք, թե՞ ոչ, թե՞ դա երկու պետության գործն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:
Your browser doesn’t support HTML5
Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:
CNN primanews – Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:
Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում: