ԱՄՆ օրենսդիրները պետք է քվեարկեն պետպարտքի շեմի բարձրացման գործարքի շուրջ

ՎԱՇԻՆԳՏՈՆ - Սպասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը կքվեարկի դաշնային պարտքի շեմը բարձրացնելու օրենսդրության շուրջ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, մինչ կառավարությունը կարող է վճարել իր հաշիվները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հույս ունեն աջակցություն ստանալ փոխզիջումային որոշման համար, որը նաև ներառում է հանրապետականների պահանջած ծախսերի կրճատումը:

Քանի որ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են կազմում, իսկ դեմոկրատները՝ Սենատի նեղ մեծամասնություն և երկու կուսակցություններն էլ դժգոհ են գործարքի պայմաններից, հաստատ չէ, որ օրինագիծը ընդունման համար բավարար աջակցություն կստանա:

Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգի հանձնաժողովը երեքշաբթի իր հավանությունն է տվել օրինագծին 6 դեմ և 7 կողմ ձայների արդյունքներով: Երկու հանրապետականներ դեմ են քվեարկել օրենսդրության առաջխաղացմանը:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն անցյալ շաբաթ նախազգուշացրել է, որ Կոնգրեսը մինչև հունիսի 5-ը պետք է բարձրացնի պարտքի սահմանաչափը: Հակառակ դեպքում կառավարությունը չի կարողանա կատարել իր ֆինանսական պարտավորությունները: Նա հավելել է, որ նույնիսկ մինչև վերջին րոպեն սպասելը կարող է լրջորեն վնասել բիզնեսների և սպառողների վստահությունը և բացասաբար ազդել երկրի վարկային վարկանիշի վրա:

Կոնգրեսին ներկայացված առաջարկը ներառում է մինչև 2025 թվականի հունվար ամիսը հրաժարվել փոխառության առկա սահմանաչափից և մինչև 2024 թվականը դաշնային ծախսերը անփոփոխ պահող և 2025 թվականին դրանք 1%-ով ավելացնող բյուջեի երկամյա պայմանագիր կնքել:

Առաջարկի մյուս մասերը ներառում են երկրի հարկերի հավաքագրման գործակալության կողմից վարձված նոր գործակալների թվի կրճատում, նահանգների կողմից 30 միլիարդ դոլար չծախսված կորոնավիրուսային համաճարակի օգնության դաշնային կառավարությանը վերադարձում, և տարիքային շեմը 50-ից մինչև 54 տարեկանը երկարաձգում նրանց համար ովքեր պարտավոր են աշխատել պարենային օգնություն ստանալու համար:

Որոշ լիբերալ դեմոկրատ օրենսդիրներ դեմ են արտահայտվել գործարքին՝ նշելով, որ այն չափազանց շատ է կրճատում սոցիալական ապահովության համար նախատեսված ծախսերը, մինչդեռ պահպանողական հանրապետականները պնդում են, թե կրճատումները բավարար չեն:

Հոդվածը կազմված է The Associated Press և Reuters լրատվականների նյութերի հիման վրա: