Մինչ ուկրաինական ճգնաժամի գծով Պեկինի հատուկ բանագնացը Կիևում հանդիպումներից հետո, շարունակում է բանակցությունները Եվրոպայում՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, թե վստահ չէ, որ Չինաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վերջ տալու նպատակով: Չեխ օրենսդիրը նույնպես թերահավատ է, որ Չինաստանը կհաջողի:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չորեքշաբթի Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանգի և նախագահ Սի Ծինփինի հետ: Չինաստանը խոստանում է սատար կանգնել Մոսկվայի «հիմնական շահերին»:
Այդ նույն ժամանակ Ուկրաինան հերքել է Մոսկվայի մեղադրանքները, թե Ռուսաստանի Բելգորոդի շրջանում տեղի ունեցած անօդաչուի հարձակման հետևում ուկրաինական ուժերն են։
Չինաստանը՝ Եվրասիական հարցերով իր հատուկ բանագնաց Լի Հուին գործուղել է Եվրոպա՝ հասնելու Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը:
Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը այս շաբաթ կոչ էր արել դադարեցնել պատերազմը:
«Հուսով ենք, որ կողմերը կարող են լինել օբյեկտիվ և կպահպանեն հանդարտությունը՝ համատեղ ջանքեր գործադրելով զինադադարի կնքման, մարտերի դադարեցման և խաղաղության վերականգնման համար»,- նշել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի խաղաղության ծրագրին՝ «Ամերիկայի Ձայնին» ասելով, որ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վերադարձնել Ուկրաինայի բռնազավթած տարածքները:
«Պատերազմը պետք է ավարտվի այն ժամանակ, երբ ուկրաինացիներն իրապես ընդունեն, որ այն վերջ է գտնում իրենց համար լավագույն պայմաններով»,- նշել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում՝ պետքարտուղարության խորհրդական Դերեկ Չոլեթն ողջունել է Ուկրաինայի հետ Չինաստանի բանակցությունները՝ նշելով, որ Պեկինը կարող է օգտակար լինել՝ համոզելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը: Սակայն Չոլեթը նույնպես թերահավատ է։
«Շատ ապացույցներ չկան ենթադրելու, որ նրանք՝ [Չինաստանը] պատրաստ են օգտագործել իրենց ազդեցությունը: Եվ չենք կարող վստահ լինել, որ նույնիսկ եթե նրանք՝ [Չինաստանը] պատրաստ լինեին գնալու այդ քայլին, այն, իրոք, կօգնի փոխել Պուտինի միտքը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլեթը:
Չինաստանի բանագնաց Լին առաջիկա օրերին կմեկնի նաև Ռուսաստան։
Միաժամանակ, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան այս շաբաթ Աֆրիկայում է՝ մայրցամաքում Ռուսաստանի ազդեցությանը հակազդող դիվանագիտական առաքելությամբ: