Երգիծաբան Մաքսիմ Գալկինը, բլոգեր Իլյա Վարլամովը, դերասան Սեմյոն Սլեպակովը և Насилию.нет կենտրոնի ղեկավար Աննա Ռիվինան հայցեր են ներկայացրել Ռուսաստանի արդարադատության նախարարության դեմ՝ ազատվելու «օտարերկրյա գործակալ» պիտակից՝ հայտնում են լրատվամիջոցները։
Երգչուհի Զեմֆիրան ավելի վաղ նույնպես որոշել էր դատարանում վիճարկել «օտարերկրյա գործակալի»՝ իր կարգավիճակը, սակայն հաշվի առնելով ռուսաստանյան իրողությունները՝ հայցվորները սակավ հույսեր ունեն՝ հասնելու իրենց «կարգավիճակի» փոփոխությանը։ Սովորաբար, ռուսաստանյան դատարանները մեխանիկորեն մերժում են նման պահանջները:
Բլոգեր Մարկ Ֆեյգինը վերջերս «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը պատմել էր, որ նույնպես ներառված է «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում, և իր բողոքարկման հիման վրա մեկնարկած դատավարությունը տևել է մոտ երեք րոպե ու ավարտվել հայցի մերժումով։
Այժմ Ռուսաստանի արդարադատության նախարարության «սև ցուցակում» 400-ից ավելի «օտարերկրյա գործակալներ» են՝ ֆիզիկական անձինք, լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ և շարժումներ։ Վերջը դեռ չի երևում։
Ավելին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը անընդհատ ընդլայնվում ու խստացվում է։ 2022թ․-ի վերջին ներդրվեց «օտարերկրյա ազդեցություն» հասկացությունը՝ ձևակերպված ծայրահեղ անորոշ։ Սա թույլ է տալիս Ռուսաստանի իշխանություններին գրեթե ցանկացած մարդու հայտարարել «ժողովրդի թշնամի» կամ փակցնել «օտարերկրյա գործակալ» պիտակը։
Այժմ Դումայի պատգամավորները քննարկում են մի փաստաթուղթ, որը թույլ է տալիս պատասխանատվություն սահմանել «երրորդ անձանց» համար, ովքեր, իբր, նպաստում են «օտարերկրյա գործակալների» կողմից օրենքների խախտմանը։ Նորմերը դեռ մշակվում են, բայց դիտորդների ներկայացմամբ՝ դառը փորձը հուշում է, որ փոփոխությունների նպատակն է լինելու «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկված անձանց համար հասարակության մեջ «մերժվածների գոտի» ստեղծելը։
Սա «չինովնիկական կամակատարների» մրցակցությունն է՝ կրեմլյան ղեկավարների կողմից ինչ-որ մրցանակի արժանանալու՝ «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը ասել է Մոսկվայի հելսինկյան խմբի անդամ, իրավաբան Իլյա Շաբլինսկին։ Նրա կարծիքով, նման նախաձեռնությունների հիմքում կարող է ընկած լինել որոշ պաշտոնյաների ու պատգամավորների հույսը՝ փոխարենը պաշտոնեական առաջխաղացում ունենալ։
«Իրականում այդ ամենը ծիծաղելի է ու ամոթալի: Իշխանություններն՝ ըստ իրենց քմահաճույքի, ցանկանում են «օտարերկրյա գործակալներից» անձեռնմխելիների կաստա ստեղծել կամ նրանց առանձնացնել վիրտուալ մի բորոտանոցում։ Պետք չէ խստացնել այդ անցանկալի օրենքը: Թե որոնք են «երրորդ կողմերը», իրավական իմաստով ամենևին էլ պարզ չէ։ Ըստ երևույթին, դրանք կարող են լինել գործատուներ կամ «օտարերկրյա գործակալների» ցանկում գտնվող անձանց սոցցանցերի էջերում դրական մեկնաբանություններով հանդես եկողները»,- ասում է Շաբլինսկին:
Գործող օրենսդրության համաձայն, «օտարերկրյա գործակալ» պիտակը կրող անձանցից բացի, գոյություն ունեն նրանց հետ փոխկապակցված անձինք՝ հիշեցնում է Իլյա Շաբլինսկին և հավելում․ «Այժմ, հնարավոր մեղավորների խմբին են ցանկանում դասել այն մարդկանց, որոնք ֆորմալ որևէ հարաբերություն չունեն «օտարերկրյա գործակալ» ճանաչված մարդկանց հետ։ Սրանք կարող են լինել նրանք, ովքեր, օրինակ, դրական մեկնաբանություններ են թողնում «սև ցուցակում» հայտնված մարդկանց սոցցանցերի էջերում։ Սա կարող է լինել այն պարբերականի գլխավոր խմբագիրը, որտեղ «օտարերկրյա գործակալը» ինչ-որ բան է հրապարակել, կամ կարող է լինել որևէ իրավաբան»։
Ըստ իրավապաշտպանի, նման փոփոխությունների գաղափարն ինքնին անմիտ է ու անհեթեթ։ «Այստեղ ավարտվում է օրենքը, և սկսվում է հիմարության ու հայեցողական մոտեցումների գոտին»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներին» արդեն արգելված է դասավանդել պետական հաստատություններում, կազմակերպել հանրային միջոցառումներ, պայմանագրով ծառայել բանակում և լինել ընտրական հանձնաժողովների անդամ։
Ռուսաստանում դատարանի որոշմամբ արգելված Մոսկվայի հելսինկյան խմբի համանախագահ Վյաչեսլավ Բախմինը «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը խոստովանել է, որ դժվար է մեկնաբանել «ֆանտազիայի նման սանձարձակությունը և իրավական «բեսպրեդելը»»:
«Այժմ ցանկացած խստացում՝ թե՛ օրինագծի տեսքով, թե՛ ընդհարապես, ընդունված բան է, ուստի մրցակցում են, թե ով ավելի հավակնոտ առաջարկով հանդես կգա։ Ցանկանում են «օտարերկրյա գործակալներին» վերածել ժանտախտով հհիվանդների։ Շուտով նրանց հիշատակելն անգամ հնարավոր չի լինի... ։ Առայժմ, խոսքը միայն տուգանքների մասին է, բայց գիտենք, որ ապագայում դրանք կարող են փոխարինվել ազատազրկմամբ։ Սա հղկված գործընթաց է: Թեև տակավին հայտնի չեն ձևակերպումներն ու պատժաչափերը»,- ասաց նա։
Խախտումը չվերացնելու համար այսօր մշակվում է վարչական պատասխանատվության հետևյալ սանդղակը՝ քաղաքացիների համար՝ տուգանք 30 հազարից 50 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 70 հազարից 100 հազար ռուբլի, կամ որակազրկում (պաշտոն զբաղեցնելու արգելք)՝ մինչև երկու տարի ժամկետով, իրավաբանական անձանց համար՝ 200 հազարից 300 հազար ռուբլի:
Վյաչեսլավ Բախմինի խոսքով, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքում փոփոխություններ են մտցվում, որպեսզի «ժողովրդի թշնամիների» ցանկում հայտնված մարդկանց համար անտանելի պայմաններ ստեղծվեն և ստիպեն նրանց լքել երկիրը։ «Իշխանությունները շատ կցանկանային, որ բոլոր ապստամբներն ու ակտիվիստները հեռանան։ Թեև նրանց մեծ մասն հենց այդպես էլ վարվել է։ Մացածներին բաց թողնել չեն ցանկանում․ ինչ-որ մեկը պետք է պատերազմ գնա»,- եզրափակեց Մոսկվայի հելսինկյան խմբի համանախագահը: