Ռուսաստանը հայտարարել է, թե գրավել է Բախմուտը, մինչդեռ Ուկրաինան պնդում է, որ իր բանակը դեռ պաշտպանում է շրջանը

Russia Ukraine War Bakhmut Photo Gallery

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հաստատել է, որ ռուսական ուժերը լիովին վերահսկում են Բախմուտ քաղաքը, մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ դեռ պաշտպանում է Բախմուտը:

Նախարարությունը կիրակի օրը իր մարտական զեկույցում նշել է, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Կուպյանսկի, Կրասնի Լիմանի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով: Ռուսական կողմը նաև վնասել է ուկրաինական հրթիռներ և հրետանային արկեր, այդ թվում՝ «HIMARS» բազմակի հրթիռային կայանները, «Storm Shadow» հեռահար թևավոր հրթիռներիը և բազմաթիվ այլ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր:

Նույն օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակեց մարտական հաղորդագրություն, որում ասվում էր, որ ուկրաինական զորքերը շարունակում են մարտերը ռուս զինվորականների հետ Կրասնի Լիմանի և Բախմուտի ուղղությամբ և հետ են մղել ռուսական բազմաթիվ հարձակումներ։ Այդ ընթացքում ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել ռուսական զինամթերքի պահեստներին, հրետանային դիրքերին և այլ թիրախներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային զինամթերքի և սարքավորումների լրացուցիչ 375 միլիոն դոլարի աջակցության փաթեթի տրամադրրման մասին:

Առաջնորդները նաև քննարկել են ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը չորրորդ սերնդի կործանիչների վրա, ինչպիսին է F-16-ը, ասվում է կիրակի օրը Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ:

Մինչ այժմ ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Միացյալ Նահանգների գլխավորությամբ որոշ այլ երկրներ շարունակում են Ուկրաինային տրամադրել զենք, անձնակազմի ուսուցում և հետախուզական աջակցություն։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի օգնում կարգավորել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը։

Զելենսկին հայտարարել է, թե վստահ է, որ Ուկրաինան Արևմուտքից F-16 կործանիչներ կստանա։ Բայդենը նույնպես նշել է, որ ԱՄՆ-ը կաջակցի ռազմական ինքնաթիռների մատակարարմանը:

Ռուսաստանը նախազգուշացրել է արևմտյան երկրներին, որ Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարումը «մեծ ռիսկեր է պարունակում»: