Մատչելի հղումներ

Բախմուտը` ճակատագրական ճակատամարտ


Այսօր, երբ ռուսական և ուկրաինական ուժերը թեժացնում են Բախմուտ քաղաքի համար մղվող մարտերը, տեղի բնակիչների համար կյանքը դառնում է ավելի վտանգավոր:Երկու կողմերը կրում են մեծ կորուստներ եւ ուկրաինացիներն Արեւմուտքից խնդրում են նորանոր զենքեր:

Բախմուտի արվարձաններում մարտերի սաստկացման հետ մեկտեղ կիրակի օրը տեղեկություններ հայտնվեցին, որ ուկրաինական բանակը փորձում է օգնել խաղաղ բնակիչներին դուրս գալ այստեղից:

Մարդիկ այստեղ ունեն սննդի պակաս: Ինչպես նրանք են ասում, օգնության ձեւով սնունդ տրվում է ամիսը մեկ անգամ։ ‘’Ո՛չ լույս կա, ո՛չ ջուր, ո՛չ գազ’’, ասում են նրանք։

Ուկրաինական զորքերը պատրաստ են դաժան մարտեր վարել հանուն Բախմուտի: Այս մասին է ասում ուկրաիանական տեղական ուժերից մեկի հրամանատարը, որին այստեղ ճանաչում են ‘’Կուրտ’’ մականունով:

‘’Ռուսները հույս ունեն քաղաքը ստանալ առանց մեծ կորուստների: Բայց տեսեք, թե ինչքան զոհ են տվել’’, ասում է նա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակր հայտարարել է, որ իրենց ուժերը Դոնեցկի մարզում ոչնչացրել են ուկրաինական հետևակի մի քանի մեքենաներ և սպանել զինվորականների։ ‘’Օդային գրոհների եւ հրետանային հարձակման ընթացքում օրական մինչև 490 ուկրաինացի զինծառայող է զոհվում կամ վիրավորվում’’, ասել է նա: «Ամերիկայի Ձայն»-ն այս տեղեկությունը ստուգելու հնարավորություն չի ունեցել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և ներկայացրել իր նպատակները։ Նա կոչ է արել ակտիվորեն նախապատրաստել իր երկրի անդամակցությունը Եվրամիությանը: Խնդրել է մեծացնել զենքի մատակարարումների ծավալները եւ ուժգնացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Մեցոլան կոչ է արել ստեղծել հատուկ տրիբունալ, որը կհետաքննի ռազմական հանցագործությունները:

‘’Մենք կհանդիպենք ՄԱԿ-ի անձնակազմի հետ։ Պետք է համոզվենք, որ ունենք առաջին հերթին ապացույցներ հավաքելու մեխանիզմներ’’, ասել է նա:

ՄԱԿ-ը փաստագրել է տեղում մարդկանց մահապատիժների ենթարկելու փաստեր, որոնք կարող են ռազմական հանցագործություն լինել Բուչայի շրջանում: Անցած շաբաթավերջին այստեղ անցկացվեց հիշատակի արարորղություն ութ ուկրաինացիների հիշատակին, որոնք մեկ տարի առաջ փորձել էին արգելափակել ռուսական առաջխաղացումը, սակայն, ընկել էին գերի եւ սպանվել:

XS
SM
MD
LG