Մատչելի հղումներ

Լուրջ հակասություններ «Վագների» ու Ռուսաստանի ուժային գերատեսչությունների միջև. Պրիգոժինը սպառնում է դուրս բերել իր զինյալներին Բախմուտից


Ուկրաինացի պաշտոնյաները արձագանքել են Պրիգոժինի այն պնդումներին, թե «Վագների» վարձկանները կարող են մայիսի 10-ին լքել Բախմուտը՝ դիրքերը հանձնելով ռուսական կանոնավոր բանակին։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը ուրբաթ օրն ասել է, որ «Վագները» շարունակում է իր զինյալներին առաջնագծի այլ հատվածներից տեղափոխել Բախմուտ, և որ վագներականների նպատակը մայիսի 9-ի տոնի առթիվ Բախմուտը գրավելն է։ Մալյարի խոսքով, մարտական առաջադրանքներ կատարելու համար նրանց «փոխարինում են դեսանտային գրոհային ջոկատները, որոնք այժմ կռվում են Բախմուտի ուղղությամբ»։

«Ռուսները հակված են սիմվոլիզմի։ Նրանց պատմական հիմնական առասպելը մայիսի 9-ն է, և նրանք, իսկապես, նպատակ են դրել վերահսկողության տակ վերցնել Բախմուտը մինչև այդ օրը»,- կարծում է Մալիարը:

Պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պաշտպանել քաղաքը՝ թույլ չտալով վագներականներին ճեղքել պաշտպանությունը և վերջնականապես գրավել այն, որը ռուսական կողմի համար դարձել է ամենաարյունալի մարտադաշտը նախորդ վեց ամիսների ընթացքում։ Ռուսական զորքերը Բախմուտը գրոհում են 2022 թվականի ամռանից։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի մեկնաբանությունները հաջորդել են «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հրապարակային վերջնագրին, թե իր զինյալները մայիսի 10-ին կլքեն Բախմուտը, եթե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բավարար զինամթերք չմատակարարի առաջնագիծ:

Պրիգոժինը սպառնում է դուրս բերել իր զինյալներին Բախմուտից
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

«Ես դուրս եմ բերում «Վագներ»-ի ստորաբաժանումները Բախմուտից, քանի որ զինամթերքի բացակայության պարագայում նրանք դատապարտված են անիմաստ մահվան»,- ասել է Պրիգոժինը՝ Ռուսաստանի նախագահին ու պաշտպանության նախարարությանն ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակել է «Վագների» ղեկավարի մամլո ծառայությունը Telegram-ում։

Հինգշաբթի երեկոյան Պրիգոժինը հերթական տեսանյութն է հրապարակել, որն այժմ ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում և մամուլում։ Տեսանյութում «Վագների» հիմնադիրը, օգտագործելով անպարկեշտ խոսքեր, ուղղակիորեն դիմում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ նրանց մեղադրելով, որ մատակարարվում է անհրաժեշտ զինամթերքի միայն 30%-ը, ինչի հետևանքով իր զինյալները զոհվում են։

Պրիգոժինի այս տեսանյութը նկարահանվել է սպանված վագներականների ֆոնին, որոնք, ըստ Պրիգոժինի, զոհվել են մայիսի 4-ին՝ զինամթերքի բացակայության պատճառով։

Ավելի վաղ Պրիգոժինն արդեն ահազանգել էր զինամթերքի բացակայության ու այլ խնդիրների մասին։

«Որպեսզի մենք արդյունավետ լինենք, պետք է մի քանի հարց լուծենք: Առաջին խնդիրը մեր թիկունքի լավ պաշտպանված լինելն է. ես այստեղ դնում եմ մեծ բացականչական նշան: Երկրորդը՝ պետք է համոզված լինենք, որ մեր հրամանատարությունը պատշաճ կերպով կազմակերպված է: Երկար ժամանակ չեմ տեսել այստեղ գեներալ Սուրովիկինին։ Պատկերացում չունեմ, թե նա ինչով է զբաղվում։ Եվ երրորդ՝ զինամթերքը։ Եվս մեկ բացականչական նշան։ Երբ լուծենք այս երեք հարցերը, այն ժամանակ կարող ենք շարժվել ցանկացած ուղղությամբ։ Մնացածը՝ այս պահին քննարկման ենթակա չէ: Խիստ գաղտնի է: Բայց մի օր կխոսեմ այդ խնդիրների և դրանց լուծումների մասին»,- ասել էր Պրիգոժինը՝ այս տարվա ապրիլին իր մամլո ծառության կողմից հրապարակած աուդիո հարցազրույցում:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկին նշել էր, որ Բախմուտի պաշտպանությունը կարևոր է՝ հակահարձակման նախապատրաստվելու համար, և որ ուկրաինական զինված ուժերը դեռևս վերահսկում են քաղաքի որոշ հատվածներ։

«Հրամանատարների հետ մենք մի շարք անհրաժեշտ որոշումներ ենք կայացրել՝ ուղղված արդյունավետ պաշտպանության ապահովմանը և հակառակորդին առավելագույն կորուստներ պատճառելուն», - ասել է Սիրսկին՝ Բախմուտում գտնվող զորքերին այցելելուց հետո։ «Չնայած բոլոր կանխատեսումներին և խորհուրդներին, մենք կշարունակենք պաշտպանել Բախմուտը՝ ոչնչացնելով վագներականներին և ռուսական բանակի մյուս՝ առավել մարտունակ ստորաբաժանումները»։

Նրա խոսքով, այն ուկրաինական պահեստազորին հնարավորություն է տալիս պատրաստվել գալիք գործողություններին։

Հիշեցնենք, երկուշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառել է իր ռազմական ռեսուրսները, և նախորդ հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը տվել է շուրջ 100 հազար սպանված և վիրավոր։

XS
SM
MD
LG