Բանակցություններն ԱՄՆ-ում կառուցողական էին. Բաքուն ու Երևանը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս ԱՄՆ-ում կայացած բանակցություններին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարը հավատարիմ է մնում իր նախօրեին արտահայտած դրական գնահատականին անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցույւնների վերաբերյալ՝ փոխխոսնակը նշել է, որ Վաշինգտոնը գտնում է, որ անցած շաբաթվա քննարկումները կառուցողական էին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում:

«Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Եվ մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքով, ճկունությամբ և փոխզիջումներով համաձայնությանը հնարավոր է հասնել, և մենք շարունակում ենք ցուցաբերել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսությունը և շարունակում են ձգտումը՝ ապահովելու կայուն և երկարատև խաղաղություն»,- ասել է փոխխոսնակ Փաթելը:

Արձագանքելով լրագրողի այլ հարցին՝ կապված կողմերի հետագա քայլերի կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին՝ Վեդանթ Փաթելը ողջունել է կողմերի միջև երկխոսության շարունակման մասին հաղորդումները:

«Ես չեմ պատրաստվում անդրադառնալ կոնկրետ քննարկումներին, բայց, համոզված եմ, որ տեղյակ եք այն հաղորդումներին, որ կողմերը շարունակում են իրենց բանակցությունները: Մենք ողջունում ենք այն տեղեկությունը, որ նրանք շարունակում են ներգրավված լինել այս քննարկումներում։ Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա: