Պարզաբանում. Բաքվի ու Երևանի միջև քննարկվող բազմաթիվ հարցերից են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը

Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տեւական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Բանակցություններն ընթանում են մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Այսօր առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հյուրընկալել էր արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ նախ առանձին կարճ հանդիպումների, իսկ այնուհետև եռակողմ քննարկումների ձևաչափով:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Your browser doesn’t support HTML5

Բաքվի ու Երևանի միջև քննարկվող բազմաթիվ հարցերից են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը

Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը:

Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի:

Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին: