«Հայաստանին պետք է կողմնորոշվել, չաջակցել Ռուսաստանին՝ ոչ բարոյապես, ոչ տնտեսապես»․ Էդվարդ Անտինյան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպեց ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։

Հայկական կողմի պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ վարչապետ Փաշինյանը Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ Հայաստանում երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործում և հավելել է, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:

Ըստ ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության՝ Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նաև ասել, որ ԱՄՆ կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լաչինի միջանցքի շրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը իր թվիթերյան գրառման մեջ «արդյունավետ» է որակել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնի այցը Հայաստան: Դեսպան Քվինի գրառման մեջ ասված է.

«Լավ հանդիպումներ ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Օլսոնի Հայաստան կատարած արդյունավետ այցի ընթացքում։ ԱՄՆ-ՀՀ գործընկերությունն ամուր է: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն գտնելու ջանքերին»,- գրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը մասնակցել է Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը՝ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման մանրամասները փոխանցել նա չէր կարող, քանի որ դա փակ զրույց էր, բայց ասաց, թե ինչ է ինքը ներկայացրել ամերիկյան պաշտոնյային։

«Ես բարձրաձայնեցի մի շարք խնդիրներ: Ասացի, որ Արցախի հայրությունը չի կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, առանց էական միջազգային պաշտպանության մեխանիզմների, քանի որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ չկան մարդու իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմներ, և այնտեղ շատ պոպուլյար է հայատյացությունը, և չկան մարմիններ, որոնք կպաշտպանեն կամ կցանկանան պաշտպանել հայերի իրավունքները»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալից բացի, ապրիլ ամսվա ընթացքում Հայաստան են այցելել ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում անցած շաբաթավերջին՝ Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Նրանց օրակարգի գլխավոր հարցը ևս՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում աջակցությունն է։

Հայաստանը, սակայն, նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այդ աջակցությանը հասնելու համար, մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

Քաղաքագետի խոսքերով, աշխարհաքաղաքական խնդիրները պարտադրում են ճշտել երկրների կողմնորոշումներն ու կանխատեսել ապագա գործընթացները։

Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման ուղիների հարցին։ ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները մարտի սկզբին տարածել էին հայտարարություն, որում ասված էր, թե որոշ երկրներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից, այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ։ Որպես հնարավոր շրջանցման ուղի հանդիսացող երկրներ, որոնց միջոցով Ռուսաստան կամ Բելառուս են հասնում արգելված ապրանքները, նշված էր Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Հայաստանի անունները։

«Այլևս վտանգավոր է դառնում այս երկրների շարքում լինել,- կարծում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, -արևմտյան երկրները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում այս ոլորտում և ոչ՝ ենթադրությունների մակարդակում, բայց մինչև հիմա դա հանդուրժվել է այս կամ այն պատճառներով։ Այսուհետ, այս խնդիրը շատ կսրվի և հանդուրժողականություն այս հարցում սպասել պետք չէ»։

Քաղաքագետը պնդում է, որ Հայաստանին պետք է կողմնորոշվել, չաջակցել Ռուսաստանին՝ ոչ բարոյապես, ոչ տնտեսապես․ «Ակնկալում ենք, որ արևմուտքը չպետք է թույլ տա, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապվի Թուրքիայի հետ, և Ռուսաստանն էլ այդ ճանապարհով շրջանցի պատժամիջոցները։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է Հայաստանը թույլ տալիս, որ իր միջոցով Ռուսաստանը շրջանցի այդ պատժամիջոցները։ -ասում է քաղաքագետը,- Մենք շատ դեպքերում դժգոհում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման հարցում արևմուտքը հայտարարություններից առաջ չի անցնում, բայց, միևնույն ժամանակ, մենք հրաշալի գիտենք, որ Ադրբեջանը այսօր լայնածավալ հարձակման չի անցնում, քանի որ չունի արևմուտքի համաձայնությունը, այլապես նրան ոչինչ չէր կանգնեցի»։

Էդվարդ Անտինյանը գտնում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի և անվերապահ աջակցություն հայտնի ընդդեմ պատերազմների՝ համընդհանուր համատեքստում։