Բախմուտն ու շրջակա քաղաքներն ամբողջապես ավերված են. Տեսանյութ՝ Չասիվ Յարից

«Ամերիկայի Ձայնի»  թղթակիցը Չասիվ Յարում է, որը Բախմուտի կողքին գտնվող քաղաք է: Բախմուտը այս պատերազմի ամենաերկար և արյունալի ճակատամարտն է: Իսկ փորձագետներն ասում են, որ Չասիվ Յարն այժմ կիսով չափ շրջապատված է ռուսական ուժերով:

Ուկրաինայի Չասիվ Յար քաղաքում քաղաքային աշխատողները պատմում են, որ մահերն ու ռմբակոծություններն այժմ սովորական են: Նրանք ասում են, որ այժմ իրենց հիմնական գործն է համոզել մարդկանց, ովքեր դեռ այստեղ են, որ հեռանան քաղաքից:

«Շատերն արդեն հեռացել են, իսկ որոշ մարդասիրական կառույցներ դեռևս այստեղ են։ Մենք ցանկանում ենք մարդասիրական օգնությունն այստեղից տեղափոխել ավելի ապահով վայր»,- նշում է քաղաքային վարչակազմի ղեկավար Եվգենի Դմիտրիևը։

Այստեղ ապաստարանները կոչվում են «անպարտելիության կետեր», որոնք ապահովված են էլեկտրականությամբ` հեռախոսները լիցքավորելու և համացանցին միանալու համար: Բնակչության մոտ 20%-ը մնում է Չասիվ Յարում, սակայն քաղաքային ծառայությունների մեծ մասը չի գործում։

Your browser doesn’t support HTML5

Տեսանյութ՝ Չասիվ Յարից. Բախմուտն ու շրջակա քաղաքներն ավերված են

Վնասված են կամ ավերված քաղաքի թաղամասերում գրեթե բոլոր տները և կառույցները:

«Վնասված են բոլոր պատուհանները։ Դրանք ծածկում ենք պլաստմասե բրեզենտներով։ Մենք ծածկում ենք դրանք, ու շարունակում ապրել այստեղ»,- նշում է Չասիվ Յարի բնակիչ Ալեքսանդրը:

Չասիվ Յարը գտնվում է Բախմուտ քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ներկայումս ընթանում է Ուկրաինայի ամենաերկար և մահաբեր մարտը։

Այս տեսանյութը նկարահանվել է հունվարին, երբ Բախմուտը ուժեղ կրակի տակ էր։ Դիտորդների մեծ մասը, ինչպես նաև լրագրողներն ու բուժաշխատողները, Բախմուտում չեն եղել ավելի քան մեկ ամիս: Այն ժամանակ խաղաղ բնակիչները հազիվ էին գոյատևում նկուղներում և կացարաններում մարդասիրական օգնությամբ տրամադրվող սննդի և ջրի շնորհիվ:

Մարդասիրական կառույցների աշխատակիցները, ովքեր սնունդ և ջուր են մատակարարում Չասիվ Յարի «անպարտելի կետեր», ասում են, որ այս քաղաքն այժմ ևս չափազանց նմանվել մեկ-երկու ամիս առաջվա Բախմութին:

«Այս քաղաքն այժմ մեծ վնաս է կրել։ Վերջին անգամ, երբ մենք այստեղ էինք մոտ երեք-չորս շաբաթ առաջ, դեռևս այս վիճակը չէր»,- պատմում է Խաղաղության և բարության հիմնադրամից Ալեքսանդր Ցվերկովիչը :

Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստվում է սկսել զանգվածային հակահարձակում այս գարուն: Ձմեռային վերջին մարտերի ընթացքում երկու կողմերը տվեցին շատ զոհեր ու գրանցեցին չնչին առաջխաղացում:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Հեդեր Մերդոքի նյութի հիման վրա: