Դուբլինում իր այցի շրջանակում ելույթ ունենալով Իռլանդիայի խորհրդարանում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշեցրել է իր իռլանդական ժառանգության մասին և ընդգծել Իռլանդիայի հետ «մնայուն» կապը, որը սկսվել է «Միացյալ Նահանգների հիմնադրմամբ»:
«Իռլանդացիները օգնեցին վառ պահել իմ երկրում ազատության ջահը և նրա հեղափոխական ոգին, ու արյուն թափեցին հանուն իմ երկրի անկախության»,- հայտարարեց նախագահ Բայդենը:
Բայդենը բարձր է գնահատել Դուբլինի աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու գործում։ Իռլանդիան, որը Եվրամիության մաս է, բայց ՆԱՏՕ-ի անդամ չէ, ռազմական առումով չեզոք է, սակայն մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային:
Ավելի վաղ Բայդենը շնորհակալություն էր հայտնել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին մոտ 80 հազար ուկրաինացի փախստականներին ընդունելու համար։
Your browser doesn’t support HTML5
«Վերահաստատեցինք մեր վճռականությունը, որ Իռլանդիան, Ամերիկան և Եվրոպան պետք է միասին կանգնեն հանուն ժողովրդավարության և ազատության, արժեք, որն աշխարհում խոցելի է դարձել»,- Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը:
Բայդենն իր ելույթում ողջունել է 1998թ-ի Բելֆաստի համաձայնությունը, որը վերջ դրեց 30 տարվա արյունալի հակամարտությանը Հյուսիսային Իռլանդիայի հարցում:
Հինգշաբթի ավելի վաղ Դուբլինում Բայդենը կրկին հույս հայտնեց Հյուսիսային Իռլանդիայում իշխանության ճգնաժամի վերացման վերաբեյալ, որը ծագել էր քաղաքական ներքին հակասությունների հետևանքով: Այն վտանգի տակ է դնում խաղաղության համաձայնագիրը:
Նախագահն ասել է, որ Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան պետք է միասին աշխատեն՝ կանխելու համար որևէ տեսակի բախումներ:
«Այս կղզում այլևս երբեք չպետք է թույլ տալ, որ քաղաքական բռնություն տեղի ունենա»,- հյատարարեց Բայդենը:
Բայդենի ելույթն արժանացավ օրենսդիրների բուռն ծափահարություններին,
«Դուք դրսևորեցիք անսասան հավատք, խորը տոկունություն ու տարբեր և հաճախ հակասական հայացքներ ունեցող մարդկանց միավորելու կարողություն», - հայտարարեց Ստորին պալատի խոսնակ Շոն Օֆերգհայլը:
ԱՄՆ նախագահի այցի օրն ավարտվեց Դուբլինի ամրոցում վարչապետ Վարադկարի կողմից կազմակերպված ճաշկերույթով:
Հոդվածը պատրաստվել է Սպիտակ տանը Ամերիկայի ձայնի թղթակից Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա