Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը` հայրենյաց տանը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Իռլանդիայի Հանրապետություն եւ Հյուսիսային Իռլանդիա այց կատարելով, ցույց է տալիս իր սերը այն ժողովրդին, որից սերում են իր արմատները: Նա հպարտությամբ է ամեն առիթով նշում, որ արմատներով իռլանդացի է, եւ խոստանում է նոր ներդրումներ այստեղ` ժողովրդավարական հաստատությունների վերականգնման դեպքում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը միշտ է սիրել ընդգծել իռլանդական իր ծագումն ու ժառանգությունը, եւ այսօր Իռլանդիա կատարած այցը նա համարում է վերադարձ դեպի տուն:

‘’Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, հոգուս մեջ եմ զգում մարդկանց ջերմությունը’’, ասում է Բայդենը:

‘’Թեև անձրևում է, արևն իսկապես շողում է մեր սրտերում’’: Այսպես են մարդիկ այստեղ նկարագրում իրենց հուզմունքն ու երջանիկ այս պահը:

Բայդենն իր շրջագայության ժամանակ այցելել է Քարլինգֆորդի ամրոց: Սա վերջին կետն է, որտեղից Ջո Բայդենի նախապապերը 1849-ին հրաժեշտ են տվել Իռլանդիային ու տեղի նավահանգստից մեկնել Նյու Յորք:

Հանդիպումներ անցկացնելով տեղի բնակիչների հետ` Բայդենը նրանց պատմել է իր նախահայրերից Օուեն Ֆիննեգանի, ինչպես նաեւ նախկին նախագահ Բարաք Օբամայի մեծ հոր պապի` Ջոզեֆ Քըրնիի մասին, որոնք երկուսն էլ եղել են հարեւան երկու մարզերում կոշկակարներ:

‘’Չեմ կարծում, որ իրենց երազանքներում նրանք երբեւիցե կարող էին պատկերացնել, որ 175 տարի անց իրենց երկու ծոռներն էլ կդառնան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ’’, ասել է Բայդընը հավաքված ժողովրդին:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ, Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում Բայդենը ողջունել է այստեղ 25 տարի առաջ հաստատված խաղաղությունը: Հակամարտություն, որը պայքար էր Իռլանդիայի Հանրապետության հետ միավորվելու եւ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցների միջեւ:

Բայդենը խոստացավ ամերիկյան ավելի մեծ ներդրումներ Հյուսիսային Իռլանդիայում, կառավարության փլուզումից հետո այստեղ ժողովրդավարական հաստատությունները վերականգնելու դեպքում:

Հինգշաբթի օրը Բայդենը բանակցություններ էր վարում Իռլանդիայի ղեկավարների հետ: Իր ուղեւորությունը ԱՄՆ-ի նախագահն ավարտում է ուրբաթ օրը` հայրենյաց իր տանը` Բալինայում նախատեսված ելույթից հետո:

XS
SM
MD
LG