Մատչելի հղումներ

Բայդենը մեկնում է Իռլանդիա՝ աջակցելու և տոնելու խաղաղության համաձայնագրի օրը


Իռլանդական ծագում ունեցող ԱՄՆ նախագահի համար կղզում խաղաղություն պահպանելը անձնական և քաղաքական առաջնահերթություն է։

Նախագահ Ջո Բայդենը ժամանել է Բելֆաստ, որտեղ առաջնորդները կքննարկեն 1998 թվականի խաղաղության համաձայնագիրը, որով ավարտեց քառորդ դար շարունակվող հակամարտությունը բրիտանացիների կողմից վերահսկվող Հյուսիսային Իռլանդիայում: Պայքարը բրիտանամետների և ազգայնականների միջև էր, ովքեր ցանկանում էին միավորվել անկախ Իռլանդիայի Հանրապետության հետ: Այդ գործարքն այժմ բարդանում է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշմամբ:

Նախագահ Ջո Բայդենը հաճախ է նշում իր իռլանդական արմատների մասին։ Բայց այս ճամփորդությունը արձակուրդ չէ, ասում է նա։

Հյուսիսային Իռլանդիա մեկնելիս` Բայդենը շեշտել է 1998 թվականի համաձայնագրի կարևորությունը, որը խաղաղություն բերեց կղզուն տասնամյակներ տևած այլախոհական պայքարից հետո հիմնականում կաթոլիկ ազգայնականների միջև, ովքեր ցանկանում էին միավորվել հարևան Իռլանդիայի հետ, և հիմնականում բողոքական բրիտանապետների միջև, ովքեր ցանկանում էին մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է առաջնահերթությունը այս ճանապարհորդության ընթացքում՝ Բայդենը վստահեցրել է՝ ‘’Իռլանդիայի և Վինձորի համաձայնագրերը գործում են, գլխավորը խաղաղությունը պահպանելն է’’։

Այդ խաղաղությունը փորձարկվել է 2016-ին Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քվեարկությամբ՝ իր հետ տանելով Հյուսիսային Իռլանդիան, իսկ մնացած կղզին թողնելով ԵՄ-ի կազմում։

Վերլուծաբաններն ասում են, որ ԱՄՆ-ում կա երկկուսակցական կամք կղզուն աջակցելու հարցում: Այնտեղ կայունությանը խրախուսելու համար նրանք մատնանշում են երկու ուղի՝ ուշադրությունը և փողը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Դոնատիեն Ռույի խոսքով՝ «Տարածաշրջանում կարող են լինել ներդրումներ, կարող են լինել հատուկ բանագնացներ, և կարծում եմ, որ պետք է նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման համար», ասում է նա:

Իրավիճակը վատթարացել է Brexit-ի քվեարկությունից հետո և Վինձորի շրջանակներում, որն ըստ Բայդենի, չի ստացել Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմնակիցների աջակցությունը: Նրանք բոյկոտել են կառավարությանը ավելի քան մեկ տարի՝ սպառնալով 1998 թվականի խաղաղության համաձայնագրից հետո ձևավորված իշխանության բաժանմամբ։

Իռլանդիայի առաջնորդը բացատրում է, թե ինչն է վտանգված.

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն ասել է՝ «Մենք ցանկանում ենք տեսնել համաձայնագրի ինստիտուտների վերականգնումը, որպեսզի նրանք կարողանան ծառայել նոր սերնդին: Եվ մենք կցանկանայինք տեսնել, որ Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդն օգտվում է իրեն հասանելի տնտեսական հարուստ հնարավորություններից»:

Բայց խաղաղությունը գործընթաց է, ասում է Ռույը: Եվ մինչ այժմ առաջընթաց է եղել։

«Այո, մենք կարող էինք ավելի լավ տեղում լինել, բայց մենք իսկապես հսկայական առաջընթաց ենք գրանցել 1998 թվականից ի վեր»,-կարծում է նա:

Իսկ Բայդենի համար այս այցը անձնական պատմություն ունի։ Ինչպես ամերիկյան ընտանիքների մեծ մասը, այնպես էլ Բայդենները եկել են այլ մայրցամաքից: Բալինա քաղաքը հենց նրանց ամերիկյան պատմության սկիզբն էր:

Ու այս քաղաքի զավակ Բայդենն ուրբաթ օրը ելույթ կունենա փոքրիկ այս քաղաքի բնակիչների առջև։ Բայց նրա խոսքերը կլսվեն ամբողջ աշխարհում։

XS
SM
MD
LG