Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը

Արտակարգ դրությունը հաստատվել էր 2020 թվականի մարտին Դոնալդ Թրամփի կողմից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը։

Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահը 2023 թվականի ապրիլի 10-ին, երկուշաբթի օրը ստորագրել է օրենքը… որով ավարտվում է COVID-19 համաճարակի պատճառով սահմանված համազգային արտակարգ դրությունը», - ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ում 2020 թվականի մարտին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարվել էր հանրային առողջության արտակարգ իրավիճակ։

Այն թույլ է տվել վարչակազմին լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։