Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հետաքննում է գաղտնի փաստաթղթերի արտահոսքը


ԱՄՆ-ը հետաքննում է համացանցում հայտնված խիստ գաղտնի ռազմական և հետախուզական փաստաթղթերի արտահոսքը, ուր ընդգրկված է տեղեկություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունից մինչև Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության գործունեությունը: ԱՄՆ պաշտոնյաները փորձում են բացահայտել արտահոսքի աղբյուրը, սակայն որոշ արևմտյան փորձագետների կարծիքով արտահոսքը Միացյալ Նահանգներից է եղել:

Պաշտոնյաներն ասում են, որ փաստաթղթերում արծարծված թեմաների ծավալը, որոնք վերաբերում են Ուկրաինայի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ռազմական գործողությւոններին, հուշում են, որ դրանց արտահոսքը կազմակերպվել է ոչ թե դաշնակիցների, այլ ամերիկացիների կողմից:

«Այժմ ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի արտահոսքի վրա, քանի որ փաստաթղթերից շատերը գտնվել են միայն ԱՄՆ-ի ձեռքում»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Մալրոյը:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հետաքննությունն իր վաղ փուլերում է, և նրանք, ովքեր այն վարում են, չեն բացառել, որ արտահոսքի հետևում կանգնած են ռուսամետ տարրեր, որը համարվում է անվտանգության ամենալուրջ խախտումներից մեկը՝ ավելի քան 700,000 փաստաթղթերից, տեսանյութերից և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք հայտնվել են WikiLeaks կայքում 2013թ.

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը և Կրեմլը չեն պատասխանել հարցումներին։

Արտահոսքի բացահայտումից հետո Reuters-ը ծանոթացել է «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» պիտակավորված ավելի քան 50 փաստաթղթի հետ, որոնք առաջին անգամ հայտնվել են անցյալ ամիս սոցիալական մի շարք հարթակներում: Թեև որոշ փաստաթղթեր տեղադրվել են շաբաթներ առաջ, դրանց գոյության մասին առաջին անգամ հայտնել է The New York Times-ը ուրբաթ օրը:

Reuters-ն ինքնուրույն չի կարող ստուգել փաստաթղթերի իսկությունը։ Որոշ փաստաթղթերում, որոնք անդրադառնում են Ուկրաինայի մարտադաշտում զոհերի թվաքանակին, կարծես թե փոխվել են ռուսական նվազագույն կորուստների թվերը: Անհասկանալի է, թե ինչու է առնվազն մեկ փաստաթուղթը գաղտնազերծված, բայց ներառում է հույժ գաղտնի տեղեկատվություն: Որոշ փաստաթղթերի վրա նշված է «NOFORN», ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող տրամադրվել օտարերկրյա քաղաքացիներին:

Կիրակի օրը Պենտագոնը հայտարարել է, որ ուսումնասիրում է լուսանկարված փաստաթղթերի վավերականությունը, որոնք «կարծես թե զգայուն և խիստ գաղտնի նյութեր են պարունակում»:

Պենտագոնը հարցը փոխանցել է Արդարադատության նախարարությանը, որը քրեական հետաքննություն է սկսել։

Փաստաթղթերից մեկում, որը թվագրված է փետրվարի 23-ով և որակվում է «գաղտնի», մանրամասնորեն նշված է, որ մինչև մայիսի 2-ը ներկայիս օգտագործման տեմպերով կսպառվեն Ուկրաինայի S-300 հակաօդային պաշտպանության համակարգերը:

Նման տեղեկատվությունը կարող է մեծ օգուտ տալ ռուսական ուժերին: Ուկրաինայի նախագահը և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ուրբաթ օրը՝ քննարկելու արտահոսքը կանխելու ուղիները:

Մեկ այլ փաստաթղթում, որը նշված է «Հույժ գաղտնի», ասվում է, որ Մոսադ հետախուզական գործակալությունը խրախուսում է բողոքի ցույցեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ` Գերագույն դատարանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մտադրության հարցում: Փաստաթուղթը նշում է, որ ԱՄՆ-ն այդ մասին իմացել է հետախուզության միջոցով, որը կնշանակի, որ Միացյալ Նահանգները լրտեսել է Մերձավոր Արևելքում իր կարևոր դաշնակիցներից մեկի հանդեպ:

Պենտագոնը չի անդրադարձել որևէ կոնկրետ փաստաթղթի բովանդակությանը, ներառյալ դաշնակիցներին վերահսկելու մասին տեղեկության: Ամերիկացի երկու պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով, ասացին, որ թեև Պենտագոնում և հետախուզական գործակալություններում մտահոգություն կա արտահոսքի վերաբերյալ, փաստաթղթերը ցույց են տալիս ավելի քան մեկ ամիս առաջվա ժամանակի պատկերը, այլ ոչ թե ամենավերջին զարգացումները:

Երկու պաշտոնյաներն ասացին, որ ռազմական և հետախուզական մարմինները ուսումնասիրում են արտահոսքը՝ պարզելու, թե որքանով են որոշ հետախուզական տեղեկություններ տարածվում ներքին միջավայրում:

Ուսումնասիրվում է, թե ինչ է կարող է դրդել ԱՄՆ պաշտոնյային կամ պաշտոնյաների խմբին դիմելու նման զգայուն տեղեկատվության արտահոսքին:

Ըստ անանուն այդ աղբոյրների՝ քննիչները չորս կամ հինգ տեսություններ են ուսումնասիրում՝ դժգոհ աշխատակցից մինչև ներքին սպառնալիք, որն աշխատում է ընդդեմ ԱՄՆ ազգային անվտանգության շահերի:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտարարել է, որ բազմաթիվ գերատեսչություններ փորձում են գնահատել խիստ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի ազդեցությունը ազգային անվտանգության վրա: Ուրբաթ օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել այս հարցի առնչությամբ:

The Hill պարբերականի հաղորդմամբ, Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին այս առիթով ընդգծել է, որ վարչակազմը «շատ լուրջ» է վերաբերվում արտահոսքին: Նա դատապարտեց գաղտնի տեղեկատվության հրապարակումը հանրային տիրույթում: Ոչ մի արդարացում չկա, որ նման փաստաթղթեր հանրայնացվեն, ասել է Քըրբին՝ շեշտելով՝ դրանց տեղը հանրային դաշտում չէ:

Հոդվածը պատրաստվել է The Associated Press, Agence France-Presse, Reuters գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG