Հայաստանի անունը հեռացվել է ԱՄՆ-ի գլխավորած «Defender 23» զորավարժությունների մասնակիցների ցանկից (թարմացված)

Պենտագոնը (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) խմբագրել է «Defender 23» զորավարժությունների մասին տարածած իր մամլո հաղորդագրությունը՝ մասնակիցների ցանկից հեռացնելով Հայաստանի անունը։

Նյութի հրապարակման պահին որևէ պաշտոնական արձագանք Երևանի կողմից չի հնչել:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությոններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:

Նշենք, որ այս պահին, Պենտագոնի հաղորդմամբ, բացի Միացյալ Նահանգներից զորավարժություններին կմասնակցեն 24 ԱՄՆ-ի դաշնակից ու գործընկեր երկրներ, որոնք են Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: