Մատչելի հղումներ

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի առաջնորդությամբ խոշոր զորավարժություններին Եվրոպայում 


Ապրիլին կայանալիք «Defender 23» զորավարժություններին, բացի ԱՄՆ-ից ու Հայաստանից, կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և 23 այլ եվրոպական երկրների զինվորականներ

Շուրջ 9000 ամերիկացի զինծառայողներ կմասնակցեն Եվրոպայում կայանալիք «Defender 23» զորավարժությանը, որը կմեկնարկի ապրիլի 22-ին, հայտնում է Պենտագոնի խոսնակի տեղակալը։

«Սա ամենամյա, գրեթե երկու ամիս տևողությամբ զորավարժություններ է, որը կենտրոնանում է ԱՄՆ-ում տեղակայված ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես տեղակայված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործունակության վրա», - ասել է Սաբրինա Սինգհը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ընթացքում:

''Defender 23'' զորավարժությունը ղեկավարում է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը: Այն նախատեսված էր դեռևս 2021 թվականին:

Պենտագոնը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ԱՄՆ բանակի կարողությունը՝ զորքերի և սարքավորումների արագ տեղակայման համար: Այն միտված է դաշնակիցներին վստահեցնել, որ ԱՄՆ կզսպի նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը և կպաշտպանի մայրցամաքը ագրեսիայից:

Զորավարժությունները պետք է նաև ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու իրենց զինված ուժերի ծավալները, կարողությունները և փոխգործակցությունը:

«Զորավարժություններին կմասնակցեն մոտ 9000 ամերիկացի զինվորականներ և մոտ 17000 զինծառայողներ դաշնակից և գործընկեր 26 երկրներից, որոնց մի մասը կանցկացվի եվրոպական 10 երկրներում», - ասել է Սինգհը:

Նա նշեել է, որ զորավարժությունների աջակցության սարքավորումները սկսել են տեղափոխվել Իսպանիա այս շաբաթ: Նրա խոսքով, ԱՄՆ-ից Եվրոպա է ուղարկվել մոտ 7000 միավոր տեխնիկա։

Բացի այդ, «Defender-23» զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13000 միավոր զրահատեխնիկա` նախապես ստեղծված պաշարներից։

Պենտագոնը տեղեկացնում է, որ բացի ՄԻացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից:

XS
SM
MD
LG