ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին երեքշաբթի օրը՝ որակելով այդ քայլը պատմական։
«Վաղը մենք կընդունենք Ֆինլանդիան որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ, ինչը Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ մեր դաշինքը՝ ավելի ուժեղ»,- ասել է Ստոլթենբերգը։ «Մենք առաջին անգամ կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը այստեղ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Լավ օր կլինի Ֆինլանդիայի անվտանգության, Հյուսիսային Եվրոպայի անվտանգության և ընդհանուր առմամբ` ՆԱՏՕ-ի համար»։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն կժամանի Բրյուսել՝ մասնակցելու արարողությանը, հայտնել են նրա գրասենյակից։
Անցյալ փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպեց Ֆինլանդիային և Շվեդիային դիմել ՆԱՏՕ-ին միանալու համար: Ֆինլանդիան ունի 1300 կմ (810 մղոն) սահման Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանը մոտավորապես կկրկնապատկվի, մի քայլ, ինչը ենթադրում է, որ Մոսկվան կկատարի սահմանամերձ շրջաններում իր զորքերն ուժեղացնելու խոստումները:
ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի առջեւ առկա վերջին խոչընդոտը վերացավ անցյալ շաբաթ, երբ Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց Հելսինկիի հայտը վավերացնելու օգտին, թեև այն հետաձգեց Շվեդիայի հայտը:
«Նախագահ Պուտինը պատերազմի մեջ է մտել Ուկրաինայի դեմ ՆԱՏՕ-ն թուլացնելու բացահայտ նպատակով»,- ասել է Ստոլտենբերգը։ «Սակայն նա ճիշտ հակառակն արեց»:
Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է կասեցնել Շվեդիայի դիմումը` պնդելով, որ Ստոկհոլմը ապաստան է տրամադրում այնպիսի խմբավորումների անդամների, որոնց Անկարան համարում է ահաբեկչական և պահանջում է նրանց արտահանձնել որպես Շվեդիայի անդամակցության վավերացման քայլ: Շվեդիան հերքում է այս մեղադրանքները։
Հունգարիան նույնպես հետաձգում է Շվեդիայի ընդունումը՝ պատճառաբանելով վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության քննադատությամբ դժգոհությունը։ Սակայն ՆԱՏՕ-ի դիվանագետներն ասում են, որ Բուդապեշտը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Շվեդիայի հայտը, եթե այն տեսնի, որ Թուրքիան շարժվում է այդ ուղղությամբ:
Ստոլթենբերգը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել Շվեդիան հնարավորինս շուտ ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու համար՝ ընդգծելով, որ դաշինքը և շվեդ պաշտոնյաներն արդեն ձեռնարկում են համապատասխան քայլեր, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջնական որոշումը դեռևս կայացված չէ:
Սույն հոդվածը կազմվել է REUTERS-ի տեղեկության հիման վրա: