Մատչելի հղումներ

Զելենսկին կմասնակցի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, իսկ Պուտինը Բելառուսում միջուկային մարտավարական զենքեր կտեղակայի


Մինչ ԱՄՆ-ը պատրաստվում է Վաշինգտոնում անցկացնել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մտադրության մասին:

Բելառուսի հետ սահմանին ուկրաինացի զինվորներն արդեն մի քանի ամիս անօդաչու թռչող սարքեր են օգտագործում՝ վերահսկելու հնարավոր հարձակողական գործողությունները։ Շաբաթ օրը լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է մարտավարական զինատեսակներ տեղադրել Բելառուսում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարել է՝ «Ես կցանկանայի ընդգծել սա՝ չխախտելով միջուկային զենք չտարածելու վերաբերյալ մեր միջազգային պարտավորությունները։ Ապրիլի 3-ին վերապատրաստելու ենք բրիգադներ, հուլիսի 1-ին ավարտելու ենք Բելառուսի տարածքում մարտավարական զենքի հատուկ պահեստի կառուցումը»։

Պուտինի հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Բրիտանիան հաստատեց, որ Ուկրաինային կտրամադրի սպառված ուրան պարունակող զրահատեխնիկա: Ռուսական բանակի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը նախազգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին։

«Բացի սեփական բնակչությանը թունավորելուց, սա նաև վիթխարի տնտեսական վնաս կհասցնի Ուկրաինայի գյուղատնտեսությանը, առաջին հերթին՝ հողագործությանը և անասնապահությանը»,-ասել է նա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իր որոշումը՝ ասելով, որ ռադիացիոն ռիսկը ցածր է, իսկ ՆԱՏՕ-ն Պուտինի միջուկային հռետորաբանությունը որակել է որպես «վտանգավոր և անպատասխանատու», հաղորդել է «Reuters» գործակալությունը։

Ռուսական ներխուժումն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել Ուկրաինայի շրջակա միջավայրին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրիլեցը։

Ըստ նրա՝ «Ուկրաինայում բնապահպանական հանցագործությունների ավելի քան 2300 դեպք է գրանցվել։ Ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 51 միլիարդ ԱՄՆ դոլար»։

Նախարարությունն ասում է, որ փոխհատուցում է պահանջելու Ռուսաստանից:

«Ամենամեծ ազդեցությունը օդի աղտոտվածությունն է։

Ուկրաինայի ամբողջ անտառածածկ տարածքի ավելի քան մեկ երրորդը ոչնչացված է»,-ասել է Ռուսլան Ստրիլեցը։

Հանգստյան օրերին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ռուս ռազմական հանցագործները պատասխանատվության կենթարկվեն։ Ակնկալվում է, որ նա կմիանա

ԱՄՆ Պետքարտուղար Անտոնի Բլինքենը «Արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում» խորագրով պանելային քննարկմանը ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որը կմեկնարկի մարտի 28-ին Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG