Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան ABC-ի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրվող մեղադրանքներին ու առաջիկա դատական նիստին:
«Հուսով եմ՝ հնարավորինս արագ, ներս կմտնենք դահլիճ ու դուրս կգանգ այնտեղից: Դա, ի վերջո, սովորական դատավարություն է, որի ընթացակարգով պետք է կանգնենք դատավորի առջև, ասենք՝ մեղավոր չենք: Մենք ժամանակացույց կսահմանենք միջնորդություններ ներկայացնելու համար և այսպիսով առաջ կշարժվենք»,- ասում է Թրամփի փաստաբանը:
Մեղադրանքները պահպանվում են, սակայն իրավական փորձագետների կարծիքով գործը կարող է կենտրոնանալ պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ հաշտության համաձայնագրի շուրջ գրավոր փաստաթղթերի ենթադրյալ կեղծման վրա:
Տակոպինան կարծում է, որ գործը թերի է և ունի քաղաքական դրդապատճռներ, սակայն չի կիսում նախագահող դատավորի անաչառ չլինելու վերաբերյալ Թրամփի մտահոգությունները:
«Չեմ կարծում եմ, որ գործը վարող դատավորը կողմնակալ է: Ինչպես կարող եմ այդպիսի պնդում անել, եթե չեմ առնչվել դատավորի հետ և որևէ հիմքեր չունեմ հավատալու, որ նա կողմնակալ է»,- ասում է փաստաբանը:
Your browser doesn’t support HTML5
Նախկին նախագահը նաև խիստ քննադատության է ենթարկել մեղադրող դատախազ Էլվին Բրեգին, որը մեղադրական եզրակացություն է ներկայացրել: Դա կարող է հակառակ արդյունքի հանգեցնել, պնդում է Մանհեթենի նախկին շրջանային դատախազ Սայրուս Վենսը NBC-ի «Meet the Press»-ին տված հարցազրույցում:
«Կառավարության գործունեությանը միջամտելը կամ սպառնալիքով կամ այլ կերպ կարող է ստիպել երդվյալ ատենակալներին փոխել իրենց կարծիքը գործի ծանրակշիռ լինելու հանգամանքի մասին»,- պնդում է նա:
Սակայն դժվար թե դատավորը ստիպի Թրամփին հրապարակայնորեն չխոսել ընթացիկ և այլ քրեական գործերի մասին, որոնց նա առերեսվում է, ասել է գաղտնի փաստաթղթերի գործով նրա փաստաբան Ջիմ Թրաստին Fox News-ին։
«Կարծում եմ, որ դատավորի համար շատ դժվար կլինի նախագահական ընտրություններում առաջադրված գործչին լռեցնելու համար կալանքի որոշում կայացնել։ Ես խոսում եմ այս երկրի վրա այդ որոշման խորը ազդեցության մասին»,- նշում է նա:
Թրամփի փաստաբանները հայտնել են, որ Գաղտնի ծառայությունը երեքշաբթի օրը ներկա կգտնվի դատարանի շենքում և շրջակայքում խստացված անվտանգության ապահովման համար, երբ նախատեսվում է նախկին նախագահի մատնահետքերի հանձնման ու լուսանկարվելու ընթացակարգը նախքան մեղադրանքների առաջադրումը:
Թրամփի գրասենյակը ասում է, որ նա ակնկալվում է, որ ելույթ կունենա երեքշաբթի երեկոյան Մար-ա-Լագոյում գտնվող իր հանգստավայրից: Այս զարգացումներն ընթանում են 2024 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում Թրամփի քարոզարշավին զուգահեռ:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա