Տարիներ շարունակ Մանհեթենի դատախազները հետաքննում էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վճարումը պոռնոաստղին: Իր հերթին շաբաթ օրը Թրամփը սոցցանցերում գրել էր, որ ակնկալում է, որ իրեն կձերբակալեն արդեն երեքշաբթի օրը։ Նա իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ։
Ըստ Մանհեթենի շրջանային դատախազության՝ Թրամփը 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոգրաֆիկ կինոֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին վճարել է 130 հազար դոլար՝ իրենց միջև սիրավեպի մասին լռություն պահպանելու համար: Այս գործարքը կարող է դիտարկվել որպես քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենսդրության խախտում:
Սթորմի Դենիելսին 130 հազար դոլարի վճարման գործարքը իրականացրել է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել գործի հետ կապված 2018 թվականին, սակայն դաշնային դատախազները մեղադրանք չառաջադրեցին Թրամփին այն ժամանակ։ Քոհենը երկու տարուց մի փոքր ավելի ժամանակ անցկացրեց դաշնային բանտում՝ նախքան 2021 թվականին ազատ արձակումը:
Your browser doesn’t support HTML5
Մանհեթենի շրջանային դատախազն այն ժամանակվանից հետաքննում է, թե արդյոք այդ դրամական վճարումները չեն խախտում նահանգի օրենսդրությունը:
Նրա փաստաբաններից մեկն ասել է, որ Թրամփը մոտ 130 հազար դոլար արժողությամբ չեկը գրել է՝ իր ընտանիքը պաշտպանելու համար:
«Նա դա արել է անձնական միջոցներից, որպեսզի կանխի ինչ-որ կեղծիքի տարածում, որը կարող է վնասել իրեն, իր ընտանիքին և իր փոքր որդուն»,- ասում է Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան:
Թրամփը հայտարարել է, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում, նույնիսկ եթե իրեն մեղադրանք առաջադրեն, և նրա ձերբակալության հավանականությունը մեծ հանրային արձագանք է գտել:
«Ոչ ոք օրենքից վեր չէ, նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահը: Եթե ընթանում է հետաքննություն, ապա պետք է թույլ տալ, որ այդ հետաքննությունը պատշաճ կերպով առաջ գնա։ Եթե ժամանակն է մեղադրական եզրակացություններ ներկայացնելու համար, ուրեմն նրանք մեղադրական եզրակացություններ կներկայացնեն: Ահա թե ինչպես է աշխատում մեր իրավական համակարգը»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Թրամփի օրոք նախկին փոխնախագահ Մայք Փենսն իր հերթին պաշտպանել է Թրամփին։
«Հերթական քաղաքական մեղադրանքով հետապնդումն ուղղված է Միացյալ Նահանգների նախկին նախագահի դեմ»,- եզրակացրել է Փենսը:
Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթին հանգստության կոչ է արել՝ ասելով, որ մարդիկ չպետք է բողոքեն, եթե Թրամփին մեղադրանք առաջադրվի:
Նույնիսկ Թրամփի որոշ կողմնակիցներ լրագրողներին ասել են, որ չեն կարծում, որ անհրաժեշտություն կա բողոքի ակցիաների:
«Նա (Թրամփը) պետք է զգույշ լինի, երբ օգտագործում է «բողոք» տերմինը: Մեզ պետք չէ Կապիտոլիումի նման մեկ այլ միջադեպ: Թեև ես նրա կողմնակիցն եմ, բայց կարծում եմ, որ այս տերմինը պետք է խելամտորեն օգտագործել, քանի որ դա կարող է որոշակի քաոս առաջացնել»,- նշել է Թրամփի աջակից Սուլեյման Ալ Թամիմին։
Մանհեթենի շրջանային դատախազը չի ասել, թե արդյոք իր գրասենյակը նախատեսում է ձերբակալել նախկին նախագահին: Բայց երկուշաբթի կեսօրից հետո Նյու Յորքի ոստիկանությունը սկսեց անվտանգության արգելապատնեշներ տեղադրել հնարավոր անկարգություններին նախապատրաստվելու համար:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Լորել Բոումենի նյութի հիման վրա